Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 10-ը մարտի)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի համալսարանում ունեցած ելույթում անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարին, պնդել է, թե «փոխզիջումների հարցում նշաձողից այն կողմ չպետք է անցնել»։ «Համաձայնելով հրադադարին՝ մենք դրանով իսկ փոխզիջման ենք գնացել», - հայտարարել է Ղուկասյանը եւ հավելել. - «Մենք երբեք չենք հրաժարվելու մեր անկախությունից եւ այս հարցը երբեք սակարկման ենթակա չէ։ Մենք ամեն ինչ պետք է անենք տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու համար։ Իսկ որպեսզի կարողանանք հասնել դրան, Ադրբեջանի իշխանությունները պետք է արմատապես վերափոխեն իրենց վերաբերմունքը հայերի, մասնավորապես՝ Արցախի բնակչության նկատմամբ»։

«Հայկական ժամանակ»-ը, մեջբերելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կարծիքը, թե «առաջիկա խորհրդարանական ընտրություններում յուրաքանչյուր կուսակցություն նվազագույնը իր անդամների թվին համապատասխան ձայներ կհավաքի», հաշվարկել է. - «Այդ պարագայում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների նույնիսկ 50 տոկոսի մասնակցության դեպքում «Բարգավաճ Հայաստան»-ը կունենա մոտ 37 տոկոս ձայն։ Սակայն, եթե ԲՀԿ-ն այդքան տոկոս ձայն ունենա, կամ այդքան ձայն նկարեն նրա օգտին, ապա մոտավորապես նույնքան էլ պետք է տան Հանրապետականին, թե չէ ՀՀԿ եւ ՀՀԿ խորհրդի նախագահները՝ վարչապետն ու պաշտպանության նախարարը, կարող են ճիշտ չհասկանալ նկարիչներին։ Իսկ արդյունքում կստացվի, որ այս երկու կուսակցությունները միասին կհավաքեն 75-80 տոկոս ձայն»: Ապա թերթը բխեցրել է. - «Դա էլ իր հերթին նշանակում է, որ ՀՅԴ-ն, ՄԱԿ-ը, ԺԿ-ն, ՕԵԿ-ը եւ նաեւ 1-2 «ընդդիմադիր» կուսակցություններ բոլորը միասին պետք է բավարարվեն մնացած 20-25 տոկոսով, այսինքն՝ յուրաքանչյուրը 5-6 տոկոսով։ Կամ էլ նրանցից մի քանիսը շպրտվելու են ԱԺ ցանկապատներից այն կողմ, կամ հայերեն ասած՝ քցվելու են, քանի որ նրանց ավելին է խոստացվել։ Այս տարբերակը ամենահավանականն է»։

«Ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում միջազգային դիտորդները» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը փոխանցել է.- «Ծայրաստիճան ուշագրավ է, որ մինչ օրս Եվրախորհուրդը չի ընդունել ժողովրդավարական ընտրությունների չափանիշների եւ ընտրական իրավունքների երաշխիքների մասին միասնական փաստաթուղթ»։ «Համաձայնեք՝ պարադոքսալ իրավիճակ է. մի կողմից՝ այդպիսի չափանիշներ փաստորեն գոյություն չունեն, իսկ մյուս կողմից՝ բոլորը (այդ թվում՝ նաեւ հայրենի քաղաքական գործիչները) թութակի պես կրկնում են, որ պետք է համապատասխանել այդ չափանիշներին», - գրել է մեկնաբանն ու հավելել. - «Եվրախորհրդի անդամ երկրներում ոչ մեկի մտքով անգամ չի անցնում հակադրել օրենքներն ու չափանիշները։ Հարց է առաջանում. ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում Եվրախորհրդի կամ Եվրամիության դիտորդները, երբ այդչափ օպերատիվ կերպով ազդարարում են մեր ընտրությունների մասին իրենց անողորմ դատավճիռները»։ Եզրակացությունը, ըստ թերթի մեկնաբանի, «միանշանակ է». - «Այսպես կոչված «միջազգային չափանիշները» ընդամենը փաստարկ են՝ Արեւմուտքին ինչ-ինչ պատճառներով չգոհացնող ընտրությունները, քաղաքական գործիչներին եւ, վերջապես, իշխանությանը «ոչ լեգիտիմ» ճանաչելու համար»։

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն այսպիսի հարց է տվել.- «Եթե ոչ ոք չի կարող միանշանակորեն երաշխավորել, որ Ազգային ժողով կանցնեն թվաքանակով եւ հեղինակությամբ համեմատաբար բարվոք վիճակում գտնվող այնպիսի կուսակցություններ, ինչպիսին են «Ազգային միաբանություն»-ը եւ ՀԺԿ-ն, ապա ո՞վ կարող է համարձակվել ենթադրել, որ Ազգային ժողով կանցնեն փոքր չափերի ու քիչ հեղինակություն ունեցող ուժերը»։ Մեկնաբանի հայացքով՝ «փոքր կուսակցությունները դատապարտված են ձախողման»։ «Այս իմաստով, Վազգեն Մանուկյանը, հրաժարվելով առաջադրվելուց՝ իմաստուն քայլ արեց», - հասցեագրել է մեկնաբանն ու նկատել. - «Հետո նա կհայտարարի, որ ինքը, ի տարբերություն մյուս ընդդիմադիր կուսակցությունների, չցանկացավ խորհրդարան մտնելու համար գործարքի մեջ մտնել իշխանությունների հետ, որից հետո կառաջադրվի նախագահի թեկնածու»։ «Սրա մեջ ճշմարտության հատիկ կա, միայն թե այս անգամ գործարքից հրաժարվեց ոչ թե Մանուկյանը, այլ իշխանությունը», - բխեցրել է մեկնաբանը։

«Իրավունք» թերթի փոխանցմամբ, «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակի վերջնական տեսքն «առաջացրել է, որքան էլ տարօրինակ է, հենց քաղաքական այդ ուժի նախագահ Գագիկ Ծառուկյանի բավականին լուրջ դժգոհությունը»։ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը, ըստ թերթի, «մերձավոր շրջապատում արտահայտվել է, թե սեփական կուսակցության համամասնական ցուցակի անհրաժեշտ տեղերում այդպես էլ չի կարողացել առաջադրել իր ուզած բոլոր մարդկանց»: «Նրա իսկ պնդմամբ, ԲՀԿ-ի համամասնական ցուցակը լուրջ խմբագրման է ենթարկվել ՀՀ նախագահի նստավայրում, իսկ այդ գործընթացը անձամբ ղեկավարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը՝ Ռոբերտ Քոչարյանի անմիջական ցուցումով», - հավելել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG