Մատչելիության հղումներ

Ռուսաստանի 14 սուբյեկտներում անցկացվեցին տեղական խորհրդարանների ընտրություններ


Ռուսաստանի 14 դաշնային սուբյեկտներում՝ երկրամասերում, մարզերում, կիրակի օրն անցկացվեցին տեղական օրենսդիր մարմինների ընտրություններ: Քվեարկություն կայացավ 31 միլիոն մարդու կամ Ռուսաստանի ընտրողների մոտավորապես 30 տոկոսին ընդգրկող ընտրական օկրուգներում:

Այս քվեարկությունը փորձագետները համարում են քաղաքական նոր սեզոնի առաջին իրադարձությունը. տարեվերջին երկրում անցկացվելու են խորհրդարանական համապետական ընտրությունները, իսկ եկող տարի` նախագահական:

Ընտրություններին մասնակցեցին «Եդինայա Ռոսիա» եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» իշխանամետ կուսակցությունները, կոմունիստներն ու Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Ընդդիմության լիբերալ թեւը՝ «Յաբլոկո»-ն, Աջ ուժերի միությունը, չկարողացավ լիարժեք մասնակցություն ունենալ՝ տարբեր տեղերում նրանց չգրանցեցին:

Քվեարկության ժամանակ արտակարգ միջադեպ տեղի ունեցավ Դաղստանում: Բույնակսկ քաղաքում անհայտ մարդիկ հրազենից կրակ բացեցին ընտրատեղամասերից մեկի վրա. մեկ մարդ ծանր վիրավորվել է:

Դաղստանում դեռ մարտի 2-ին ընդհարվել էին «Եդինայա Ռոսիա»-ի եւ Աջ ուժերի միության թեկնածուների կողմնակիցները: Զինված ընդհարման ժամանակ 2 մարդ սպանվել էր, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոց:

Ընտրությունների օրը մերձմոսկովյան Օդինցովո քաղաքում բողոքի ակցիա էին կազմակերպել բոլշեւիկյան կուսակցության ներկայացուցիչները: Ոստիկանությունը 12 մարդու է ձերբակալել՝ մեղադրելով նրանց տեղամասերից մեկում քվեարկությանը խանգարելու մեջ:

Մինչ նախնական արդյունքների հրապարակումը, 14 ընտրական օկրուգներից 10-ում անցկացված exit poll-ի արդյունքները ցույց են տվել, որ ընտրություններում հաղթում են Կրեմլին մոտ կանգնած երկու կուսակցությունները՝ «Եդինայա Ռոսիա»-ն եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն, որոնք միասին ստացել են ձայների 55-71 տոկոսը: Կոմունիստական կուսակցությունը, ըստ հարցումների, 11-25 տոկոս ձայն է հավաքել, իսկ լիբերալ-դեմոկրատները՝ 10-14 տոկոս: Exit poll-ն անցկացրել է «Հասարակական կարծիք» համառուսաստանյան հետազոտական կենտրոնը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG