Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Համանախագահները լրջորեն են նախապատրաստվում Ժնեւի հանդիպմանը»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները լրջորեն են նախապատրաստվում մարտի 14-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:

«Այո, բավական լուրջ են պատրաստվում համախագահները», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարարը` շարունակելով. - «Չի նշանակում, որ նախկինում այդպես չի եղել: Այս անգամ էլ, ինչպես նախկինում, ուզում են օրակարգը հստակեցնել, որպեսզի նախարարների հանդիպումը լինի արդյունավետ»:

Օսկանյանը փոխանցեց նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահները ցանկություն ունեն, որ «[հայաստանյան] խորհրդարանական ընտրություններից հետո` հնարավորին չափ կարճ ժամկետում, տեղի ունենա նաեւ [Հայաստանի եւ Ադրբեջանի] նախագահների հանդիպում»:

«Դրա համար էլ ուզում են մինչեւ նախագահների հանդիպումը նախարարների մակարդակով հնարավորին չափ առաջընթաց արձանագրել», - հավելեց Օսկանյանը:

Նա ասաց նաեւ, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, ով ընթացիկ շաբաթվա ընթացքում Երեւանում եւ Բաքվում հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հետ, «խոստացել է մարտի 12-ին նորից գալ Երեւան»:

Ժնեւյան հանդիպման առումով Հայաստանի արտգործնախարարը լավատես է: Նրա կարծիքով, հանդիպումը կարող է արդյունավետ լինել` եթե, իհարկե, «ադրբեջանական կողմը խոչընդոտելու միտում չունենա»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG