Մատչելիության հղումներ

Թուրք ուսանողները պահանջում են վերացնել YouTube կայքի դեմ սահմանված արգելքը


Ստամբուլի համալսարանի ուսանողները դիմել են թուրքական իշխանություններին՝ կոչ անելով վերացնել YouTube ինտերնետային կայքի դեմ սահմանված արգելքը:

YouTube-ը սիրողական տեսանյութերի ինտերնետային ամենամեծ հավաքածուն է, որի սեփականատերն է Google ընկերությունը: Այս կամ այն տեսանյութը այստեղ կարելի է տեղադրել առանց սահմանափակման կամ գրաքննության: Օգտվելով դրանից՝ հույն ինտերնետ օգտագործողները օրեր առաջ կայքում տեսահոլովակ էին տեղադրել, որում պնդում էին, թե Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը արվամոլ է եղել:

Դրան անմիջապես հետեւեց թուրքական մամուլի արձագանքը: Մասնավորապես, CNN-Turk հեռուստաընկերությունը իր կայքում հատուկ էլեկտրոնային նամակի ձեւ տեղադրեց` էջի այցելուներին կոչ անելով լրացնել այն եւ ուղարկել YouTube-ի ղեկավարությանը` պահանջով անհապաղ հեռացնել Աթաթուրքի հիշատակը վիրավորող հոլովակը:

Ստամբուլի քրեական դատարանը վճռեց պարտադրել երկրի խոշորագույն պրովայդերին` TurkTelecom ընկերությանը, ընդհանրապես արգելափակել YouTube կայքէջը:

Թուրք պրովայդերը Աթաթուրքին վիրավորանք հասցրած կայքէջը արգելափակեց դատարանի որոշման հրապարակումից րոպեներ անց: TurkTelecom-ի ղեկավար Փոլ Դոնեյն այս առիթով լրագրողներին ասաց. - «Մենք նպատակ չունենք գնահատել, թե արդյոք ճի՞շտ է վարվել YouTube-ը: Կա դատարանի որոշումը, եւ մենք այն կատարում ենք»:

Երեկ թուրքական «Հուրիեթ» օրաթերթը հայտնեց, որ YouTube կայքի ղեկավարությունը մի քանի օրվա ընթացքում հազարավոր նամակներ է ստացել Թուրքիայից, եւ հինգշաբթի երեկոյան Քեմալ Աթաթուրքին ծաղրող տեսահոլովակն արդեն հեռացվել էր կայքից:

Այսօր պարզ կդառնա` կվերացնի՞ արդյոք դատարանը իր սահմանած արգելքը: Չորեքշաբթի օրը կայացրած վճռում դատարանը հատուկ լրացում էր մտցրել. - «YouTube կայքը կվերադառնա թուրքական ինտերնետ միայն վիճահարույց տեսաերիզներից հրաժարվելուց հետո»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG