Մատչելիության հղումներ

Կավելանա՞ արդյոք կին պատգամավորների թիվը ընտրվելիք խորհրդարանում


Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում 1144 տղամարդկանց հետ միասին առաջադրվել են 353 կին թեկնածուներ: Նրանցից 344-ը ընդգրված են տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակներում:

Փոփոխված Ընտրական օրենսգրքի պահանջն է, որ համամասնական ցուցակում կանանց հատկացվի տեղերի 15 տոկոսը (նախկին 5 տոկոսի փոխարեն): Արդյո՞ք դա ազդեցություն կունենա եւ կնպաստի, որ մեծանա կին պատգամավորների թիվը ընտրվելիք Հայաստանի Ազգային ժողովում: Լիազորությունները ավարտող խորհրդարանի 131 պատգամավորներից միայն 7-ն են կանայք:

Իրենց համամասնական ցուցակներում կանանց բարձր հորիզոնականներ են հատկացրել «Ժառանգություն»-ը, «Դաշինք»-ը (երկրորդ տեղերը), «Բարգավաճ Հայաստան»-ը, «Օրինաց երկիր»-ը (երրորդ տեղերը), ՀՅԴ-ն ու «Իմփիչմենտ» դաշինքը (չորրորդ տեղերը), Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (վեցերորդ տեղը):

«Ազգային միաբանություն» եւ «Հանրապետություն» կուսակցություններում կին պատգամավորների հատկացվել է ցուցակիների 10-րդ հորիզոնականը:

Առաջադրված կանայք չեն ուզում հավատալ, որ իրենք ցուցակներում տեղ են գտել սոսկ օրենքի պահանջի շնորհիվ:

«Ես ուզում եմ հավատալ, որ տեսնում են կանանց անհրաժեշտությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ-ի ցուցակում 11-րդ տեղը զբաղեցնող Ռուզաննա Առաքելյանը: - «Որովհետեւ հասարակության մեջ հավասարակշիռ չափը պահելու համար անպայման պիտի նաեւ կնոջ տեսակետը լինի, կնոջ առաջադրած խնդիրները լինեն»:

Մեծամասնական ընտրակարգով առաջադրված 164 տղամարդկանց հետ մրցակցելու են 9 կին թեկնածուներ:

«Օրինաց երկիր» կուսակցությունից Սոնյա Գեւորգյանը, որի մրցակիցը թիվ 8 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանն է, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրեն զարմացնում է, որ մեծամասնականով քիչ թվով կանայք են առաջադրվել:

«Մարտական տրամադրվածություն կլինի այս ընտրություններում: Ինչ-որ չափով երեւի խուսափել են», - ենթադրեց նա:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG