Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը հետաձգեց Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի քննարկումը


ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հետաձգել է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի նախագծի քննարկումը եւ քվեարկությունը:

Հանձնաժողովի նախագահ Ջո Բայդենի ներկայացրած թիվ 65 բանաձեւի նախագիծը դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը, Թուրքիայի ժողովրդին հորդորում է հարգել հանդուրժողականության՝ Դինքի թողած ժառանգությունը, իսկ Թուրքիայի կառավարությանը՝ Քրեական օրենսգրքից վերացնել ազատ խոսքի դեմ գործող 301-րդ հոդվածը:

«Հրանտ Դինքի թողած ժառանգությունը արժանի է մեր հարգանքին, նրա սպանությունը՝ մեր դատապարտմանը», - իր ելույթում ասել է Բայդենը:

Այնուհանդերձ, օրինագիծը հանձնաժողովի երեկվա նիստի օրակարգից հանվել է սենատոր Ռիչարդ Լուգարի առաջարկով՝ ժամանակի սղության, քննարկվող հարցերի բազմազանության պատրվակով:

«Մենք մտահոգված ենք, որ սենատոր Լուգարը, գործելով, ըստ երեւույթին, ԱՄՆ-ի վարչակազմի ճնշման տակ, հետաձգեց Հրանտ Դինքի կյանքին ու նրա հիշատակին տուրք մատուցելու՝ Սենատի նախատեսած քայլը», - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, որը ներկա էր Սենատի հանձնաժողովի երեկվա քննարկմանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախագահ Ջո Բայդենին՝ բանաձեւը ներկայացնելու համար, ապա կարծիք հայտնեց, թե Թուրքիան, հավանաբար, նույնպես փորձել է միջամտել ընդդեմ այս բանաձեւի ընդունման:

«Սակայն այսօր ամենակարեւորը հանձնաժողովի անդամների հետ աշխատանքները շարունակելն է, որպեսզի հաջորդ նիստի ժամանակ բանաձեւն անպայման ընդունվի», - ընդգծեց Արդունին:

Հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը դեռեւս չի որոշվել:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

(նկարում՝ Բրայան Արդունի եւ Ջո Բայդեն)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG