Մատչելիության հղումներ

Լոզանում սկսվել է Փերինչեքի դատավարությունը


Շվեյցարիայի Լոզան քաղաքում սկսվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավարությունը, որը մեղադրվում է ռասիզմի մեջ՝ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար:

Թուրքական ազգայնական կուսակցության 65-ամյա ղեկավարը այդ արտահայտությունը արել էր երկու տարի առաջ՝ Լոզանում թուրքերի մի հավաքի ժամանակ:

Պետական մեղադրողը այսօր պահանջել է Փերինչեքին դատապարտել 6 ամսվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, մեղավոր ճանաչվելու դեպքում Փերինչեքը առաջինը կլինի, ով Շվեյցարիայի հակառասիստական օրենքով կդատապարտվի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: 2001 թվականին Բեռնի դատարանը արդարացրել է նույն մեղադրանքով դատարանի առջեւ կանգնած 12 թուրքերի:

Շվեյցարական ATS լրատվական գործակալության վկայությամբ, կարմիր գլխաշորներով եւ թուրքական դրոշներով մոտ 150 ցուցարարներ այսօր հավաքվել են դատարանին մերձակա հրապարակում՝ լուռ աջակցություն հայտնելով Փերինչեքին:

Թուրք ազգայնականը, մինչդեռ, վստահ է, որ ազատ է արձակվելու: «Չեմ կարծում, թե կդատապարտվեմ», - երկուշաբթի օրը թղթակիցներին ասել է Փերինչեքը: Նա ընդունել է, որ իր երկրում հայերը կոտորածի են ենթարկվել, սակայն պնդել է, թե դա ցեղասպանություն չէր:

Դատավարության նախօրեին՝ անցյալ շաբաթավերջին, Շվեյցարիայի արդարադատության նախարար Քրիսթոֆ Բլոխերը հանդիպել է թուրք պաշտոնակից Ջեմիլ Չիչեքի հետ, ինչը բուռն քննադատության տեղիք է տվել: Շվեյցարացի խորհրդարանականներից ոմանք, մասնավորապես, հանդիպումը որակել են «սկանդալ» եւ «սադրանք»:

Անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիա կատարած այցի ընթացքում Շվեյցարիայի արդարադատության նախարարը հայտարարել էր, թե իր երկրում գործող հակառասիստական օրենքը, որով քրեական պատիժ է սահմանվում «ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու կամ այն արդարացնելու» համար, պետք է փոխվի:

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2003 թվականի դեկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG