Մատչելիության հղումներ

Վիկ Դարչինյանը պաշտպանեց իր չեմպիոնական տիտղոսը


IBF եւ IBO վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը պաշտպանել է իր տիտղոսը՝ պարտության մատնելով աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Վիկտոր Բուրգոսին, որը մենամարտից հետո հայտնվել է հիվանդանոցում:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, շաբաթ օրը Կալիֆորնիայի Քարսոն քաղաքում կայացած մրցամարտում Դարչինյանը Բուրգոսին ձախ ձեռքով հուժկու հարված է հասցրել արդեն երկրորդ ռաունդում, սակայն մրցավարի՝ մինչեւ 5-ը հաշվելուց հետո Բուրգոսը ոտքի է ելել եւ շարունակել է պայքարը մինչեւ վերջին՝ 12-րդ ռաունդը:

Այնուհանդերձ, ավարտից մեկեւկես րոպե առաջ մրցամարտը դադարեցվել է, եւ Բուրգոսին պատգարակով հիվանդանոց են տեղափոխել:

Սա Դարչինյանի 28-րդ անընդմեջ հաղթանակն է եւ 22-րդը, որ նա ավարտել է նոկաուտով:

Վիկ (Վախթանգ) Դարչինյանը Հայաստանից է՝ Վանաձորից, սակայն մրցումներում ներկայացնում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG