Մատչելիության հղումներ

ՀԺԿ-ի ղեկավար անդամը հեռացվել է կուսակցությունից


Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քաղխորհուրդն այսօր որոշեց կուսակցությունից հեռացնել հիմնադիր անդամներից մեկին` Սմբատ Եղիազարյանին:

ՀԺԿ խոսնակ Ռուզան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Եղիազարյանը հեռացվել է «բացարձակ զրպարտանքի, կեղծ հայտարարությունների, կուսակցության հասցեին իրականությանը չհամապատասխանող մեղադրանք հնչեցնելու համար»:

Հայաստանյան մամուլը մեջբերել է Եղիազարյանի խոսքերը, թե խորհրդարանի [նախորդ] ընտրություններում 5 տոկոսի արգելքը հաղթահարելու համար «ՀԺԿ-ն համագործակցել է իշխանությունների հետ»:

Ռուզան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նաեւ, որ վերջին համագումարում Եղիազարյանը որեւէ հայտարարություն կուսակցության դեմ չի արել:

Ինքը՝ Սմբատ Եղիազարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր եւ կուսակցության տարաձայնություններն սկսվել են 2006 թվականի սեպտեմբերի 22-ին ՀԺԿ քաղխորհրդի նիստում, երբ ինքը հայտարարել է, թե կուսակցությունը շեղվել է ընտրած ուղուց:

Եղիազարյանը ասաց նաեւ, որ փետրվարի 28-ին կայացած վարչության նիստում (մինչեւ համամասնական ցուցակի հրապարակումը) ինքը հայտարարել է, որ դուրս է գալիս ՀԺԿ-ի վարչության եւ Քաղխորհրդի կազմից, ինչն ընդունվել է ի գիտություն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG