Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մենք գործելու ենք, որ Հայաստանը դառնա ազգային, քաղաքացիական երկիր»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ում պաշտոնավարության օրոք ճիշտ 15 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը անդամակցեց Միացյալ ազգերի կազմակերպությանը, այսօր իր ղեկավարած կուսակցության վարչության բաց նիստում անդրադարձավ նաեւ այդ տարելիցին:

«Երբ մեր եռագույնը բարձրացավ Նյու Յորքում, իմ դերակատարումը, դուք լավ գիտեք, խիստ համեստ էր: Ես սոսկ թարգմանն էի մի ողջ ժողովրդի, մեր ժողովրդի բոլոր սերունդների այդ իղձին, որ մենք էլ արժանի ենք արեւի տակ մեր տեղին, մեր պետությանը, մեր ճակատագիրը տնօրինելու մեր իրավունքին», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Այո, Հայաստանի Հանրապետությունը վերադարձել է միջազգային թատերաբեմ: Այո, մեր սրբազան դրոշը տեւապես կծածանվի ՄԱԿ-ի շենքի առաջ: Բայց այդ ո՞ր Հայաստանն է, այդ ի՞նչ որակի, ի՞նչ արժեքների վրա հենված Հայաստանն է, որ մենք պիտի ժառանգենք հաջորդ սերունդներին»:

«Մենք ուզում ենք տեսնել Հայաստանի Հանրապետությունը որպես իրավունքի երկիր, մենք ուզում ենք տեսնել Հայաստանի Հանրապետությունը որպես միասնության երկիր», - շարունակեց նա: - «Մենք գործելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա ազգային երկիր, պետական երկիր, քաղաքացիական երկիր եւ միասնության երկիր»:

Վարչության այդ նիստում «Ժառանգություն»-ը հաստատել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG