Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բողոքում է Հայաստանից արտահանվող մթերքների կատալոգում ղարաբաղյան ընկերությունների ընդգրկման դեմ


Հարավային Կովկասի երեք երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Թբիլիսիում երեկ մեկնարկած՝ պարենային անվտանգության հարցերով երկօրյա համաժողովի առաջին օրը Վրաստանում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչը բողոք է ներկայացրել Հայաստանից արտահանվող մթերքների կատալոգի դեմ: Նա հայտարարել է, որ Շվեյցարական զարգացման գործակալության միջոցով հրատարակված կատալոգում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի ընկերություններ, որոնք ներկայացված են որպես հայաստանյան:

Ադրբեջանական դեսպանության առաջին քարտուղար Իլհամ Փոլուխովն ասել է, որ ադրբեջանական կողմը կստուգի՝ արդյոք Հայաստանը թույլտվություն ունե՞ր օգտագործելու Շվեյցարական զարգացման գործակալության լոգոտիպը, թե՞ ոչ: Եթե նման թույլտվություն եղել է, ապա Բաքուն պաշտոնապես դա համարում է միջազգային նորմերի խախտում:

«Կովկասպրես»-ի հաղորդագրությունում միջադեպը ներկայացված է որպես «սկանդալ»:

«Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ անցկացվող համաժողովին մասնակցում են նաեւ Եվրահանձնաժողովի փորձագետներ:

Հարավային Կովկասում «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչ Իրակլի Մակտավան հայտնել է, որ համաժողովը նախաձեռնել են միասնական մոտեցումներ որդեգրելու համար, որոնք պետք է համապատասխանեն Եվրամիության հարեւանության ծրագրով ստանձնած պարտավորություներին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG