Մատչելիության հղումներ

Հանրապետականը համամասնական ընտրակարգով առաջադրում է 112, մեծամասնականով՝ 27 թեկնածու


Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը կեսգիշերին ավարտված նիստում հաստատել է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության՝ 112-հոգանոց համամասնական ցուցակը: Խորհուրդը նաեւ որոշել է, որ Հանրապետականը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ է ունենալու 41 ընտրատարածքներից 27-ում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հանրապետականի մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են կուսակցության գործադիրի անդամները՝ Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Թորոսյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը, Հրանուշ Հակոբյանը, Հարություն Փամբուկյանը եւ Գագիկ Մինասյանը:

Շարմազանովի խոսքերով, «անակնկալը՝ հասարակության, այլ ոչ թե կուսակցության համար», այն է, որ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված են նաեւ ոչ հանրապետականներ, օրինակ՝ «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանը, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ եւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը, որոնք զբաղեցնում են ցուցակի 37-39-րդ տեղերը:

«Իսկ նեղացածներ եղա՞ն», - այս հարցին Հանրապետականի մամլո խոսնակը պատասխանեց. - «Ես նման բան չեմ նկատել: Խորհրդի բազմաթիվ անդամներ կային, որոնք չեն ընդգրկվել ցուցակում, բայց որեւէ նեղացածություն ես չեմ նկատել»:

Նա ընդգծեց, որ ցուցակում չընդգրկվածների թվում կան նաեւ ներկայիս գումարման խորհրդարանի պատգամավորներ, օրինակ՝ Մկրտիչ Մկրտչյանը, Արարատ Մկրտչյանը, Ռազմիկ Մարտիրոսյանը:

Թիվ 37 ընտրատարածքում Հանրապետականից մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է կուսակցության խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Նույն ընտրատարածքում արդեն իսկ առաջադրվել է «Դաշինք» կուսակցության նախագահ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել, ըստ որի, Էջմիածնի ընտրատարածքում հանրապետականներն աջակցելու են ոչ թե իրենց կուսակից Հակոբ Հակոբյանին, այլ վերջերս իր դիմումի համաձայն պաշտպանության նախարարության զինվորական 4-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատված գեներալ Սեյրան Սարոյանին, որն անկուսակցական է:

Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերոհիշյալ որոշումը, կուսակցության մամլո քարտուղարը պատասխանեց. - «Դա խորհրդի որոշումն է, ես չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված, բայց, այնուամենայնիվ, խորհուրդը ճիշտ գտավ, որպեսզի այս ընտրատարածքում առաջադրվի պարոն Սարոյանը»:

Իսկ թե ո՞ւմն էր այդ առաջարկը՝ Էդուարդ Շարմազանովը ասաց. - «Մեզ մոտ, բնականաբար, խորհրդի նիստի ժամանակ ներկայացնում է կամ կուսակցության նախագահը, կամ էլ խորհրդի նախագահը, այնուհետեւ քննարկվում է եւ որոշվում է: Որեւիցե առարկություն չեղավ, քննարկվեց եւ անցավ»:

Հանրապետականի մամլո քարտուղարը նշեց նաեւ, որ կուսակցության քարոզչական շտաբի ղեկավարի հարցը խորհրդի նիստում չի քննարկվել, սակայն «շատ հավանական» համարեց, որ շտաբը ղեկավարի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը. - «Ինձ թվում է, որ առարկություններ չեն լինի պարոն Աբրահամյանի դեպքում»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG