Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ». «Հայաստանի մեկուսացումը խորանալու միտում ունի»


Հայաստանի մեկուսացումը խորանալու միտում ունի, ինչի ապացույցն է հայկական կողմի բացակայությունը Բաքու - Թբիլիսի - Ախալքալակ - Կարս երկաթուղու ծրագրում: Նման կարծիք է հայտնել բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» հանդեսի վերլուծական կենտրոնը՝ Հայաստանին վերաբերող փետրվարյան զեկույցում անդրադառնալով արտաքին ասպարեզում երկրի առջեւ ծառացած կարեւոր հարցերին:

«Հայաստանը հերթական անգամ դուրս է մնում տարածաշրջանային շահավետ տնտեսական նախաձեռնությունից», - գրում է հանդեսը երեկ հրապարակված զեկույցում: - «Այդ երկաթգծի շահագործումը թույլ կտա Ադրբեջանից Թուրքիա տարեկան փոխադրել մինչեւ 500 միլիոն տոննա ապրանք: Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան արդեն սերտորեն համագործակցում են կասպյան էներգակիրները Թուրքիա հասցնելու խնդրում: Հայաստանը փորձել է խափանել ծրագիրը: Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ կա հայկական հզոր համայնք, նրանք հաջողության են հասել. Կոնգրեսը համաձայնել է չհաստատել այդ ծրագրի պետական ֆինանսավորումը»:

«Էկոնոմիստ»-ը նշում է, որ չնայած հայկական կողմն առաջարկել է վերականգնել երկաթուղու Գյումրի - Կարս հատվածը, առաջարկել է նույնիսկ բարենպաստ մաքսային ռեժիմով բացել հայ - թուրքական սահմանը, այնուամենայնիվ, Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծի կառուցումը շարունակվելու է:

Ըստ «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանների, փակ սահմաններն ու սեփական էներգակիրներից գրեթե ամբողջապես զուրկ լինելը է'լ ավելի է խորացնում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Վերջինի կողմից Հայաստանի շահերի անտեսումն այնպիսի դեպքերում, ինչպես, օրինակ, Վրաստանի հետ սահմանը պարբերաբար փակելը, Ռուսաստանի ընդլայնվող ազդեցությունը Հայաստանի արեւմտամետ դիրքորոշման քաղաքական գործիչների վրդովմունքն է հարուցում: Նրանք պնդում են, որ Հայաստանը պարտավոր է քայլեր անել Արեւմուտքի կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ:

Եվ այնուհանդերձ, ըստ «Էկոնոմիստ»-ի, Հայաստանի բնակչության մեծ մասը շարունակում է ռուսներին դիտել որպես Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող վտանգը վնասազերծելու հիմնական երաշխիք:

«Սակայն հայտնի չէ, թե արդյոք ռուսները կմիջամտե՞ն, եթե, օրինակ, Ադրբեջանը ռազմական գործողություններ ծավալի Լեռնային Ղարաբաղը հետ վերադարձնելու համար», - նշում են բրիտանական հանդեսի վերլուծաբանները Հայաստանին վերաբերող փետրվարյան զեկույցում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG