Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Թե ինչպես մենք կանցկացնենք ընտրությունները՝ որոշելու է ամբողջ Կովկասյան տարածաշրջանի ապագան»


«Հայաստանում այս մայիսին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որից հետո, հաջորդ փետրվարին` նախագահական ընտրություններ: Թե ինչպես մենք կանցկացնենք ընտրությունները՝ որոշելու է ոչ միայն Հայաստանի ժողովրդավարության, այլ նաեւ ամբողջ Կովկասյան տարածաշրջանի ապագան», - գրել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը «Վաշինգտոն Թայմս» թերթի այսօրվա համարում հրապարակված՝ «Ապագա Հայաստան» վերնագրով հոդվածում:

«Միայն ժողովրդավարությանը խիստ նվիրվածության վրա հենված լեգիտիմ քաղաքական համակարգն է այն պլատֆորմը, որը կառաջնորդի մեզ դեպի տեւական կայունություն», - ընդգծում է Արթուր Բաղդասարյանը: - «Մենք կարիք ունենք, որ Միացյալ Նահանգները պաշտպանի այս աքսիոմը մեր տարածաշրջանում»:

Նա վստահություն է հայտնում, որ «տնտեսական առաջընթացը, հակամարտությունների կարգավորումը եւ տարածաշրջանային ինտեգրացիան բխում են առողջ ժողովրդավարական համակարգից». - «Մենք մեր տարածաշրջանում ժողովրդավարության կարիք ունենք ոչ թե որպես կարգախոս, այլ որպեսզի լուծենք մեր սառեցված հակամարտությունները, կոռուպցիայի եւ անապահովության խնդիրները: Հայաստանը, նախ եւ առաջ, ազատ եւ արդար ընտրությունների կարիք ունի, որոնք կայուն եւ առաջադեմ հասարակության հիմքն են»:

Արթուր Բաղդասարյանը նշում է «ուղիղ կապը քաղաքական լեգիտիմության եւ դիվանագիտական փոխզիջման միջեւ»: Նրա խոսքերով, «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի լուծում, փաստորեն, որոշ լուծումներ արդեն առաջարկվել եւ մերժվել են, ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են անարդարացի կամ ոչ գործնական, այլ որովհետեւ մեր տարածաշրջանում քաղաքական գործընթացները շատ թույլ են»:

«Ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը ունի մանդատ եւ մանեւրելու տարածք փոխզիջումային լուծում փնտրելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Այսպիսով, անմիջական առաջնահերթությունը պետք է լինի տարածաշրջանում ժողովրդավարության կառուցումը, որը հենվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ազատ եւ արդար ընտրությունների վրա», - գրում է «Օրինաց երկիր»-ի առաջնորդը:

Արթուր Բաղդասարյանի կարծիքով, հասունացել է ժամանակը՝ նորմալացնելու հայ - թուրքական հարաբերությունները, բացելու հայ - թուրքական սահմանը եւ թույլատրելու ապրանքների, կապիտալի եւ մարդկանց ազատ հոսքը. - «Սահմանի բացումը եւ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության հաստատումը կարեւոր է Հայաստանի համար եւ անհրաժեշտ է մեր հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացիայի համար»:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմությունը երբեմն եղել է ողբերգական, ինչպես օրինակ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, սակայն մենք պետք է նայենք ապագային, քանի որ մեր քաղաքացիներն ավելի լավ կյանք են ցանկանում վաղը: Եվ ես կարծում եմ, որ մենք մեր հարաբերությունները պետք է կառուցենք` հենվելով ավելի ընդգրկուն մոտեցման վրա, առանց նախապայմանների` միաժամանակ չմերժելով եւ ազնվորեն նայելով անցյալին», - գրել է Ազգային ժողովի նախկին խոսնակն իր հոդվածում:

Նմանապես, ըստ «Օրինաց երկիր»-ի առաջնորդի, «Ադրբեջանի հետ բարելավված հարաբերություններն անհրաժեշտ են մեր երկարաժամկետ էներգետիկ կայունության համար, որը կարող է բխել միայն էներգետիկ դիվերսիֆիկացիայից»:

«Ես աջակցում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` հենված փոխադարձ փոխզիջումների վրա, եւ ես աջակցում եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացմանը», - գրում է Արթուր Բաղդասարյանը:

Նա նաեւ շեշտում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու կարեւորությունը Հայաստանի համար. - «Հայաստանի ապագան կապված է եվրոպական ինտեգրացիայի եւ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները խորացնելու հետ: Սակայն Արեւմուտքի հետ հարաբերությունները չպետք է հակադրվեն Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին: Մենք նաեւ Իրանի հետ դրական հարաբերությունների կարիք ունենք: Իրանի միջուկային խնդիրը մտահոգիչ խնդիր է, սակայն ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը Իրանի հետ երկխոսության կարիք ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG