Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ երեկ մինչեւ ուշ գիշեր տեւած ՀՅԴ հայաստանյան Գերագույն մարմնի ընդլայնված նիստը հաստատել է կուսակցության համամասնական ցուցակը: Ցուցակի առաջին տեղում, ըստ թերթի, Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն է, այնուհետեւ` Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ցուցակի անցողիկ տեղերում են դաշնակցական նախարարները: «Առավոտ»-ի տեղեկություններով, ցուցակում ընդգրկված են նաեւ մի խումբ գործարարներ, որոնց թվում է «Գրանդ Տոբակո»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդին` Կարենը:

Նույն թերթը գրում է. - «Քաղաքական շրջանակներում վերջին օրերին լուրեր են պտտվում, որ ամռանը Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի աթոռի հիմնական հավակնորդը լինելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար, «ապասառեցված» դաշնակցական Արթուր Աղաբեկյանը»: Ըստ «Առավոտ»-ի աղբյուրի, հենց այս մասին են պայմանավորվածություններ ձեռք բերվել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Դաշնակցության ներկայացուցիչների՝ վերջին օրերին կայացած հանդիպումներում: «Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնի դիմաց ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում եւ դրան հաջորդած ժամանակաշրջանում չի պահանջի ավելի մեծ դերակատարություն, քան ունի այսօր», - եզրափակում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը, ընդդիմության չմիավորվելու փաստը կանխավ իբրեւ պարտություն որակելով, եզրակացրել է. - «Չմիավորվելով, ընդդիմադիր կուսակցությունները ամեն ինչ արեցին՝ Քոչարյանի գծած քաղաքական քարտեզի մեջ տեղավորվելու համար` ըստ էության ապացուցելով, որ խորհրդարան են փորձում մտնել միայն մի քանի մանդատի համար։ Քոչարյանն այդ մի քանի մանդատը ոմանց բացահայտ ակնարկների միջոցով խոստացել էր դեռ մոտ երկու ամիս առաջ։ Եվ, փաստորեն, այդ ոմանք չկարողացան զերծ մնալ գայթակղությունից»։

Շեշտելով, որ արմատական ընդդիմությունը, ի դեմս ՀՀՇ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության, չի կորցնում միավորվելու հույսը, «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն այսօր գրել է, թե «այն բանից հետո, երբ Ստեփան Դեմիրճյանի հետ ոչինչ չստացվեց, արմատականներն իրենց հայացքն ուղղեցին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի կողմը՝ իսպառ մոռանալով, թե ինչպիսի մակդիրներով էին ժամանակին պարգեւատրում վերջինիս»։ Մասնավորապես, թերթի աղբյուրների համաձայն, փետրվարի 24-ին «Օրինաց երկիր»-ի գրասենյակ են այցելել Վահան Շիրխանյանն ու մարքսիստների առաջնորդ Դավիթ Հակոբյանը, որոնք, «գործում էին «Հանրապետության» եւ ՀՀՇ-ի հանձնարարությամբ եւ փորձում համոզել Արթուր Բաղդասարյանին միավորվելու նպատակահարմարության մեջ։ «Սակայն վերջինս` որպես ողջամտությունից ոչ միշտ զուրկ անձնավորություն, կտրականապես հրաժարվել է միավորվել` հայտարարելով, թե ՕԵԿ-ն ընտրությունների կգնա միայնակ։ 40 րոպե տեւած զրույցից հետո հյուրերը հեռացել են ձեռնունայն», - հավելել է թերթը։

«Ժամանակ-Երեւան» թերթն այսօրվա համարում հերքել է նախորդ օրը տպագրած տեղեկությունն այն մասին, որ «Հայաստանի իշխանությունները ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին առաջիկա ընտրություններին միայնակ մասնակցելու դիմաց բենզինի ներկրման քվոտա են հատկացրել, ու այդ ներկրումն իրականացնելու է Դեմիրճյանի մտերիմներից մեկը՝ Փայլակ Ուռուսյանը»։ Վերջինս, երեկ զանգահարել է թերթի խմբագրություն ու տեղեկացրել, որ արդեն չորս տարի է իր ընկերության գործունեությունը դադարեցված է եւ ինքը «նույնիսկ արեւածաղկի սերմ վաճառելով չի զբաղվում, էլ ուր մնաց բենզին ներկրեր»։

«2007-ի մայիսի 12-ը մեր երկրի ընտրական պատմության մեջ իր ուրույն տեղը կունենա ոչ թե ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների հաստատման տեսանկյունից, այլ ճիշտ հակառակը», - պնդել է այսօր «Տարեգիր» պարբերականն ու մանրամասնել. - «Երբ հեռուստաընկերությունները սահմանեցին քաղաքական գովազդի աննախադեպ բարձր գները, արդեն իսկ հասկանալի դարձավ, որ 2007-ը յուրահատուկ է լինելու նախ եւ առաջ ֆինանսական ծախսերի առումով: Այսօր արդեն խոսք է գնում աստղաբաշխական թվերի հասնող նախընտրական ստվերային գումարների մասին, որոնք ուղղվում են ընտրական գործընթացների գլխավոր սցենարիստների գրպանները: Մինչ կտրվեր բուն քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, ավելի վաղ մեկնարկեց փողերի արշավը: Եթե նախկին ընտրություններում պատգամավորի մանդատ ձեռք բերելու համար մի քանի հազար դոլարն էլ բավական էր, ապա ներկայումս շրջանառվող գումարները անցել են 1,5 միլիոն դոլարի սահմանագիծը, որոշ դեպքերում խոսակցությունները պտտվում են արդեն մինչեւ 3 միլիոնի շուրջ»:

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում նախընտրական արշավի մասնակից քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել «չփորձել աշխատել ամբողջ ժողովրդի հետ»։ «Դա անհնար է», - պնդել է քաղաքագետն ու պարզաբանել. - «Ամբողջ ժողովրդի հետ աշխատում էին կամ կոմունիստական կուսակցությունը՝ ԽՍՀՄ-ի ժամանակ, կամ ֆաշիստական կուսակցությունը Գերմանիայում։ Մնացած բոլոր երկրներում ամեն մի կուսակցություն ունի իր հասցեախումբը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG