Մատչելիության հղումներ

ՀԺԿ-ն միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին


Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության ղեկավար անդամ Գրիգոր Հարությունյանը, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ:

«Մենք համապատասխան քայլեր արեցինք «Արդարություն» դաշինքը պահպանելու համար, բայց հիմնական գործընկերները [«Արդարություն» դաշինքի] չհամաձայնեցին», - ասաց Գրիգոր Հարությունյանը: - «Մենք համաձայն էինք ավելի մեծ ֆորմատի մեջ մասնակցություն ունենայինք, բայց էլի հիմնական քաղաքական ուժերը չհամաձայնեցին»:

Նա հավելեց, որ այսօր ավելի ուշ կայանալիք` կուսակցության վարչության նիստում կհաստատվի կուսակցության համամասնական ցուցակը:

Պատասխանելով հարցին, թե ինչու ՀԺԿ-ն չմասնակցեց դաշինքով ընտրություններին գնալու` ընդդիմադիր այլ ուժերի [«Հանրապետություն», «Ժառանգություն», ԱԺՄ, ՀՀՇ] միջեւ ընթացող քննարկումներին, Հարությունյանը պատասխանեց. - «Մենք գտնում էինք, որ դրանցից ավելի արդյունավետը այսօրվա գործող «Արդարություն» դաշինքի ֆորմատով ընտրություններին գնալն էր: Մենք դրան էինք կողմնակից: Մենք կարծում ենք, որ ավելի արդյունավետ էր պահպանել «Արդարություն» դաշինքը: Ցավոք սրտի, մեր գործընկերները չհամաձայնեցին»:

«Իհարկե, մենք գտնում ենք, որ պետք է լինի սերտ համագործակցություն բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ, որպեսզի կանխենք վարչախմբի կողմից սպասվելիք կեղծիքները», - եզրափակեց ՀԿԺ-ի ղեկավար անդամը:

Ընտրություններին միայնակ է մասնակցելու նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Արտաշես Գեղամյանի գլխավորած կուսակցությունը արդեն ներկայացրել է համամասնական ցուցակը, որում 72 մարդ է ընդգրկված:

Ընդդիմադիր մյուս ուժերից «Հանրապետություն», «Ժառանգություն», ԱԺՄ, ՀՀՇ կուսակցությունները մինչդեռ շարունակում են ընտրություններին մասնակցության ֆորմատի քննարկումները:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խոսքերով, իրենց միջեւ գաղափարական տարաձայնություններ չկան. - «Տակտիկական մոտեցումների տարբերություններ կան»:

Նա հավելեց, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը որոշում կկայացնի խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւի վերաբերյալ:

Վազգեն Մանուկյանի գլխավորած Ազգային ժողովրդավարական կուսակցությունը որոշումը կընդունի վաղը:

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ իրենք հակված են ընտրություններին մասնակցել ՀԺԿ-ի համամասնական ցուցակով:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG