Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ընտրակեղծիքների դեմ պայքարին նվիրված դասընթաց է անցկացնում


Երեւանում այսօր մեկնարկեց «Ընտրակեղծիքները եւ դրանց հետ կապված կոռուպցիոն դրսեւորումները. քրեական դատավարության խնդիրները եւ միջազգային չափորոշիչները» թեմայով եռօրյա սեմինար, որն անցկացնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:

«Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները չափազանց կարեւոր են, եւ Միացյալ Նահանգների՝ ժողովրդավարության խթանման 6 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը իրականացվում է ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում Հայաստանի կառավարությանը օգնելու նպատակով», - դիմելով սեմինարի մասնակիցներին` ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:

Դասընթացն անդրադառնում է ընտրակեղծիքների ու հարակից կոռուպցիոն դրսեւորումների կանխարգելման, հայտնաբերման ու դատական կարգով հետապնդման հարցերին:

Սեմինարին մասնակցում են Հայաստանի ոստիկանության, գլխավոր դատախազության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների շուրջ 70 ներկայացուցիչներ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, արդյոք այս սեմինարը եւ ժողովրդավարության խթանման ծրագիրն ընդհանրապես նշանակում է, թե ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը վտանգված է, Էնթոնի Գոդֆրին պատասխանեց. - «Բոլոր ժողովրդավարությունները պայքարում են բարեփոխումների համար, եւ անկախ նրանից, թե որքանով է զարգացած ժողովրդավարությունը, միշտ էլ բարելավման անհրաժեշտություն կա: Հայաստանի մասնակցությունը այս սեմինարին վկայում է, որ իշխանությունները գիտակցում են առկա խնդիրները եւ ցանկություն ունեն դրանք վերացնել»:

Իր ելույթում Գոդֆրին ասաց նաեւ, որ, ըստ վերջին հարցումների արդյունքների, թեեւ հայաստանցիների մեծ մասը մասնակցելու է քվեարկությանը, սակայն գոյություն ունի գործընթացի նկատմամբ վստահության պակաս, ինչը մասամբ պայմանավորված է նրանով, որ մարդիկ կարծում են, թե ընտրակեղծիքներն անպատիժ են մնալու:

«Զգոնությունը, քրեական պատասխանվության հեռանկարը կզսպի ապագա կեղծարար վարքը», - ասաց նա:

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը համաձայն չէ տեսակետին, թե նախորդ ընտրություններին որեւէ մեկը չի պատժվել ընտրակեղծարարության համար: Նրա պնդմամբ, քրեական գործեր հարուցվել են գրեթե բոլոր ընտրություններից հետո:

«Բայց իսկապես կարելի է ասել, որ օրենսդրական բացեր կան այս ոլորտում», - այդուհանդերձ ասաց նա:

Եռօրյա սեմինարի ավարտին ընտրակեղծիքների դեմ պայքարի վերաբերյալ լրացուցիչ ուսուցման համար Հայաստանից ԱՄՆ կգործուղվեն 6 դատախազ եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2 անդամ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG