Մատչելիության հղումներ

Մարտին Սկորսեզեն վերջապես «0սկար» ստացավ


Անցած գիշեր Հոլիվուդում տեղի է ունեցել «0սկար»-ի 79-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: 2006 թվականի լավագույն ֆիլմի համար Ոսկե արձանիկի արժանացել է Մարտին Սկորսեզեի նկարահանած «Ուրացողները»: Ֆիլմի համար Սկորսեզեն ստացել է նաեւ լավագույն ռեժիսորի «0սկար»-ը:

Լսելով իր անունը՝ Սկորսեզեն կեսկատակ հարցրել է. - «Մի հատ էլ չե՞ք ստուգի, թե ում անունն է ծրարում»:

Ռեժիսորն անցած տասնամյակներում մի քանի անգամ առաջադրվել էր «0սկար»-ի, սակայն չէր հաղթել: 1981 թվականին նրա նկարահանած «Կատաղած ցուլը» համարվում էր «0սկար»-ի հիմնական թեկնածու, սակայն Ոսկե արձանիկը ստացավ միայն ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Ռոբերտ դե Նիրոն:

«Շատ հուզված եմ, մեծ պատիվ է այն, որ «0սկար»-ը ինձ հանձնում են իմ վաղեմի բարեկամներն ու գործընկերները՝ ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը, Ջորջ Լուքասն ու Ֆրենսիս Ֆորդ Քոփոլան», - ընդունելով մրցանակը՝ ասել է Սկորսեզեն:

«Ուրացողները» վաստակել է եւս երկու արձանիկ՝ լավագույն սցենարի ադապտացման եւ լավագույն մոնտաժի անվանակարգերում:

Ֆիլմը պատմում է երկու հերոսների լարված պայքարի մասին: Նրանցից մեկը ավազակ է՝ նրա դերը խաղում է Մեթ Դեյմոնը, մյուսը ավազակախումբ հատուկ առաջադրանքով սողոսկած ոստիկան է, որի դերը կատարում է Լեոնարդո դի Կապրիոն:

Լավագույն դերասանի «0սկար»-ը ստացել է Ֆորեսթ Ուիթաքերը, որը նկարահանվել է «Շոտլանդիայի վերջին արքան» ֆիլմում:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Թագուհին» ֆիլմի գլխավոր դերակատար Հելեն Միրենը:

Լավագույն օտարալեզու ժապավեն է ճանաչվել «Ուրիշների կյանքը» գերմանական ֆիլմը:

Լավագույն վավերագրական ժապավեն է ճանաչվել բնապահպանության խնդիրներին նվիրված «Դառը ճշմարտություն» ֆիլմը, որին մասնակցել է նաեւ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գորը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG