Մատչելիության հղումներ

Տրամագծորեն հակառակ կարծիքներ` երկքաղաքացիության վերաբերյալ


Մինչ խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Հայաստանում երկքաղաքացիություն նախատեսող օրինագծերի փաթեթը, քաղաքական գործիչները շարունակում են կարծիքներ արտահայտել այդ կապակցությամբ` երբեմն տրամագծորեն հակադրվելով միմյանց:

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, այսօր երկքաղաքացիության ինստիտուտի ներմուծումը պարունակում է բազմաթիվ վտանգներ: Որպես օրինակ Արզումանյանը բերեց ջավախահայության վիճակը. - «Անմիջապես Վրաստանի իշխանությունները կսկսեն դիտարկել որպես «հինգերորդ շարասյուն» Ջավախքի մեր քույրերին եւ եղբայրներին»:

«Ես չեմ ասում, թե դա անընդունելի է», - շարունակեց նա: - «Ես ասում եմ` այսօր Հայաստանը չի կայացել որպես ժողովրդավարական պետություն, դուրս չի եկել անցումային փուլից: Այդ իսկ պատճառով, թերեւս, այսօր ժամանակավրեպ է»:

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը տրամագծորեն հակառակ տեսակետ ունի: Նրա համոզմամբ, երկքաղաքացիության ինստիտուտը «ոչ մի ձեւով չի կարող վնասել մեր երկրի անվտանգությունը». - «Բացարձակապես: Երկքաղաքացիության ինստիտուտը չներմուծելով` մենք կորցրել ենք մեր անվտանգության մի մեծ ներուժ»:

«Ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ իրեն այդպիսի շռայլություն թույլ չէր տա, ինչը մենք ենք թույլ տվել ժամանակին. ունենալով երկու անգամ ավելի հայություն Հայաստանից դուրս` չօգտագործել այդ հայության լիարժեք ուժը», - շարունակեց Ռուստամյանը: - «Քաղաքացիություն տալով` մենք այդ ուժը կկազմակերպեինք»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG