Մատչելիության հղումներ

Խորհրդարանում շարունակվում է երկքաղաքացիություն նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկումը


Ազգային ժողովն այսօր շարունակեց քննարկել երկքաղաքացիություն նախատեսող օրինագծերի փաթեթը, որը երեկ քվեարկությամբ ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

Կառավարությունը մերժել է խորհրդարանականների` երեկ եւ ավելի վաղ ներկայացրած առաջարկությունները` այդ թվում ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության առաջարկը, որ վերաբերում է երկքաղաքացիների ընտրելու իրավունքին:

Հանրապետական պատգամավորները գտնում են, որ եթե ընտրությանը նախորդած 5 տարիներից գոնե մեկը երկքաղաքացին Հայաստանում չի ապրել եւ հարկեր չի վճարել, նրան չպետք է ընտրելու իրավունք տրվի:

«Առաջինը պարտականություն պետության հանդեպ, երկրորդը` իրավունք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունից Սամվել Նիկոյանը: - «Իրավունքը պետք է վաստակել»:

«Դա շատ բարդ գործընթաց է», - հիմնավորելով կառավարության կողմից այս առաջարկի մերժումը` ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: - «Մենք չենք կարող վերահսկել` ով է 183 օրից շատ ապրել հայրենիքում, ով` ոչ»:

«Մեր կարծիքով, չի կարելի այստեղ մտցնել տարանջատում», - շարունակեց նախարարը: - «Ստացվում է, որ մենք ինչ-որ ձեւով պատժիչ կամ սահմանափակող նորմեր ենք մտցնում երկքաղաքացիների համար»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջարկությունները չընդունվելու դեպքում հանրապետականները դեմ քվեարկեն օրինագծերի փաթեթին, ինչը կնշանակի դրա տապալում, Սամվել Նիկոյանը անորոշ պատասխան տվեց. - «Ես դեռ մտածում եմ, որ այդ հարցում կարելի է երկրորդ ընթերցման ռեժիմում ինչ-որ կոնսենսուսի գալ»:

Կառավարությունը մերժել է նաեւ պատգամավորների այն առաջարկությունը, թե չարժե 1995 թվականից հետո սեփական դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց քաղաքացիություն շնորհել պարզեցված կարգով:

«Մեր կարծիքով դա ճիշտ մոտեցում չէ», - այս կապակցությամբ պարզաբանեց Դավիթ Հարությունյանը: - «Մենք ունենք բազմաթիվ համաքաղաքացիներ, որոնք խախտել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը. ստացել են այլ երկրի քաղաքացիություն` առանց դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Թեեւ այդ [ՀՀ քաղաքացիությունից հրաժարված] քաղաքացիները [նույնպես] խախտել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, մեր կարծիքով, անարդար կլիներ, եթե մենք [նրանց] դնենք ավելի վատ վիճակում, քան նրանց, ովքեր խախտել են մեր օրենսդրությունը [այլ երկրների քաղաքացիություն են ստացել` առանց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու]»:

Օրինագծերի փաթեթը պաշտպանող Դաշնակցության տեսակետն անփոփոխ է` պետք չէ անհանգստանալ, թե երկքաղաքացիները կգան, կգրավեն երկիրը, որոշիչ ուժ կդառնան այստեղ:

«Այս ամբողջ նախաձեռնությունը, եթե կապ ունի որեւէ բանի հետ, ամենաքիչը կապ ունի ընտրական գործընթացի հետ, ընտրությունների հետ», - հավաստիացրեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը:

Վաղը քննարկումները կշարունակվեն, ինչից հետո օրինագծերի փաթեթը կդրվի քվեարկության (երկրորդ ընթերցմամբ):


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG