Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի երիտասարդները հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ չեն տեսնում


Փետրվարի սկզբին Թբիլիսիում «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված «Արվեստանոց խաչմերուկ» միջոցառման ադրբեջանցի մասնակիցները համոզված են, օրինակ, որ հայերը Խոջալուում դաժան ցեղասպանություն են իրականացրել, իսկ Սումգայիթում ընդամենը մի քանի մարդ է սպանվել:

Այս կարծիքին է Բաքվի Մշակույթի եւ արվեստի պետական ինստիտուտի ուսանող, 19-ամյա Նիջաթ Խալինուլֆաթը: Նրա խոսքերով, երկու երկրների միջեւ նման հարաբերությունները սկսվեցին հայերի հավակնություններից, թե Ղարաբաղը Հայաստանինն է:

Որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, ադրբեջանցի երիտասարդների կարծիքով, «պատմական անհերքելի ճշմարտություն է»: Բաքվի Սլավոնական համալսարանի ուսանող, ապագա լրագրող 19-ամյա Օրհան Ադազադեի խոսքերով, վաղ թե ուշ դա ընդունելու են նաեւ հայերը: Նա ասաց, որ շատ է ուզում գնալ Ղարաբաղ, սակայն, միայն մեկ ճանապարհ է տեսնում. - «Թող բացեն Շուշիի միջանցքը»:

Հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակների մասին ադրբեջանցի երիտասարդների պատկերացումները եւս խիստ կտրական են: Ներկայիս բանակցային փուլը, Նիջաթի կարծիքով, ոչինչ չի փոխի. - «Հարցը խաղաղ ճանապարհով լուծելն այն է, որ Քոչարյանը վերադարձնում է Ադրբեջանի հողերը Ադրբեջանին, ողջ Ղարաբաղը: Մենք միայն դա ենք ուզում»:

Օրհանը ասում էր, որ խուսափում է հայերի հետ ամեն տեսակ շփումներից, քանի որ չի ուզում ընկերություն անել մեկի հետ, ում հետո ստիպված կլինի հանդիպել պատերազմում:

Պատերազմ գնալուն պատրաստ է նաեւ Նիջաթը. - «Ես չեմ ուզում, որ պատերազմ սկսվի, բայց եթե չկարողանանք խաղաղ ճանապարհով վերադարձնել մեր Ղարաբաղը, մեր Շուշին, մեր Քյալբաջարը, ես կգնամ, ես կվազեմ պատերազմ»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG