Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը Հայաստանի ղեկավարությանը կոչ է անում «իմաստնություն դրսեւորել»


«Ադրբեջանի ժողովրդի համբերությունը նույնպես սահման ունի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գերմանական «Դոյչե վելե» հեռուստառադիոկայանին տված հարցազրույցում՝ Հայաստանի ղեկավարությանը կոչ անելով «իմաստնություն դրսեւորել եւ ազատել գրավյալ տարածքները»:

Հակառակ դեպքում, ըստ Ալիեւի, «իրադարձությունները կարող են զարգանալ Երեւանի համար անբարենպաստ ուղղությամբ»:

«Այսօր Ադրբեջանի տնտեսությունը յոթ անգամ հզոր է Հայաստանի տնտեսությունից, եւ առաջիկա տարիներին այդ տարբերությունը բազմապատիկ կմեծանա», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, Իլհամ Ալիեւը գանգատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների պարտադիր կատարումն ապահովող մեխանիզմի բացակայությունից եւ հայտարարել, թե «Երեւանում շարունակում են անտեսել ադրբեջանական գրավյալ տարածքներն անվերապահ ազատելու՝ Անվտանգության խորհրդի չորս որոշումները»:

«ՄԱԿ-ը միջազգային տարաձայնությունների եւ հարաբերությունների կարգավորման ունիվերսալ մեխանիզմ է, սակայն եթե այդ մեխանիզմը չի աշխատում տվյալ դեպքում, այն չի գործի նաեւ այլ դեպքերում, իսկ դա աղետի կհանգեցնի», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիեւը չի բացառել հետագայում ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հնարավորությունը` միաժամանակ ընդգծելով, որ այսօր ինչպես Բաքվում, այնպես էլ Բրյուսելում քաջ գիտակցում են, որ Ադրբեջանը դեռեւս պատրաստ չէ մուտք գործել դաշինք:

Նրա խոսքերով, «անցումը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր ձեւաչափի երկու կողմերի պատրաստակամության դեպքում անպայման տեղի է ունենալու, իսկ թե երբ՝ ցույց կտա ժամանակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG