Մատչելիության հղումներ

Եվս մեկ պատգամավոր հեռացավ «Օրինաց երկիր»-ից


«Օրինաց երկիր» կուսակցությունից եւ դրա խորհրդարանական խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել պատգամավոր Գագիկ Մխեյանը:

Մխեյանը Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել «Օրինաց երկիր»-ի համամասնական ցուցակով եւ մինչեւ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության, բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մխեյանը ասաց, որ կուսակցությունից եւ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանին, եւ վերջինս ընդունել է իր հրաժարականը:

«Պատճառների մասին ես այս պահին կոռեկտ չեմ համարում խոսել», - ասաց Մխեյանը` հավելելով, որ այլ քաղաքական ուժի «դեռեւս» չի անդամակցելու:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե կուսակցությունից հեռանալու պատճառ կարող է դարձած լինել այն, որ Մխեյանը իմացել է, որ առաջիկա ընտրություններում ինքը չի լինելու կուսակցության համամասնական ցուցակում:

Անցած մայիսին Ազգային ժողովի խոսնակի պաշտոնից կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո «Օրինաց երկիր» խմբակցության 21 պատգամավորների շուրջ կեսը` հիմնականում խոշոր գործարարներ, դուրս եկան խմբակցությունից ու կուսակցությունից:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG