Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Խորհրդարանի աշխատանքները պետք է շարունակեն լուսաբանվել»


Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ խորհրդարանի աշխատանքները պետք է շարունակեն լուսաբանվել, ուստի վաղը` ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունները քննարկելիս, կփնտրեն դրա ապահովման ուղիները:

Ուրբաթ օրը Սահմանադրական դատարանը հիմնական օրենքին հակասող ճանաչեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի այն դրույթները, որոնք ապահովում էին խորհրդարանի աշխատանքների լուսաբանումը Հանրային հեռուստաընկերության եթերում:

«Լավագույն լուծումը կլիներ սպասել մինչեւ Սահմանադրությամբ սահմանված երկու տարին լրանալը, որը նախատեսված է օրենքները սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու համար», - ասաց Թորոսյանը: - «Եթե դա էլ չէր լինելու, ապա Սահմանադրական դատարանը նոյեմբեր ամիսը այս տարվա պիտի վերջնաժամկետ սահմաներ»:

Խորհրդարանի խոսնակը հույս հայտնեց, որ, չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, Հանրային հեռուստաընկերությունը «ճիշտ մոտեցում կցուցաբերի» եւ մինչեւ լուծումներ գտնելը կշարունակի ցուցադրել Ազգային ժողովի աշխատանքները:

Այսօրվա արտահեթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց երկքաղաքացիությունն ամրագրող օրինագծերի փաթեթը: Քվեարկությանը չմասնակցեցին «Օրինաց երկիր», «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները: ՀՀԿ խմբակցությունը օրինագծի առնչությամբ ունի վերապահումներ, որոնք, պատգամավոր Սամվել Նիկոյանի փոխանցմամբ, առաջարկությունների տեսքով ներկայացնելու են փաթեթի հեղինակներին:

Հանրապետականների կարծիքով, օրինակ, երկքաղաքացին ընտրելու իրավունք պիտի ունենա միայն հարկատու լինելու եւ տարվա կեսը հայրենիքում բնակվելու դեպքում: Եվ ամեն դեպքում` երկքաղաքացին պետք է զրկված լինի համամասնական կարգով պատգամավոր ընտրելու իրավունքից:

«Հայաստանի Հանրապետության հոգսերին լիովին ծանոթ եւ իրենց ուսերին տանող մարդիկ պետք է որոշեն Հայաստանի Հանրապետության ճակատագիրը», - այս կապակցությամբ ասաց Տիգրան Թորոսյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG