Մատչելիության հղումներ

«Ցերեկը քնելն առողջարար է»


Զարգացած աշխարհի այլ երկրների համեմատությամբ Հունաստանում մարդիկ բավական քիչ են մահանում սրտի կաթվածից: Պատճառներից մեկը, ըստ գիտնականների, «միջերկրական դիետան» է: Հույները նախապատվությունը տալիս են մրգին եւ բանջարեղենին, ձկան մսին, իսկ «կարմիր միս» հազվադեպ են դնում սեղանին: Բացի այդ, հույներից շատերը սիրում են ամեն օր մեկ-երկու բաժակ դառը գինի խմել:

0րերս հրապարակվել են մի հետազոտության արդյունքները, որոնք վկայում են հույների ավանդական մեկ այլ սովորության օգտակարության մասին: Հարվարդի համալսարանի հանրային առողջության ամբիոնի պրոֆեսոր Դիմիտրիոս Տրիխոպուլոսը պնդում է, որ ցերեկային քունը չափազանց օգտակար է:

6 տարի շարունակ պրոֆեսորի ղեկավարած թիմը Հունաստանում հետազոտություն է անցկացնել 24 հազար մարդկանց շրջանում եւ պարզել, որ «նրանք, ովքեր ցերեկը գոնե 30 րոպեով աչքը փակել են՝ էլ ավելի հազվադեպ են գանգատվել սրտից»: Այս զարմանալի երեւույթի բացատրություններից մեկն այն է, որ ցերեկային քունը կարող է նվազեցնել աշխատանքի ժամերի ընթացքում կուտակվող լարվածությունը:

Միջերկրականի տարածաշրջանում ցերեկը քնելու սովորության՝ «սիեստայի» մասին վաղուց է հայտնի: «Սիեստայի» սիրահարներ են իտալացիները, իսպանացիները, արաբները, հույները: «Սիեստայի» անհրաժեշտությունը բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ ամռան տապին ցերեկը ֆիզիկապես հնարավոր չէ աշխատել, մարդիկ ստիպված են գոնե 1-2 ժամ հանգստանալ եւ աշխատանքը շարունակել երեկոյան:

«Ցերեկային քունը մարդու առողջության վրա այնպիսի դրական ազդեցություն է գործում, ինչպիսին գործում է, ասենք, ամենաարդիական դեղամիջոցը, ավելին, քնելուց չի լինում, այսպես կոչված, կողմնակի էֆեկտ՝ գլխացավ եւ տհաճ այլ հետեւանքներ», - ասել է պրոֆեսոր Տրիխոպուլոսը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG