Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի պնդմամբ, «եթե խորհրդարանական այս ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ը, Հանրապետականն ու Դաշնակցությունը առանց խախտումների չհավաքեն 100 տոկոս ձայն, ուրեմն կարելի է արձանագրել, որ նրանք լիովին տանուլ են տվել ընտրությունները եւ բացարձակապես չեն վայելում ժողովրդի քվեն»:

Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից 19 տարի անց «Ազգ»-֊ը փաստում է. - «Այսօր Արցախի ժողովրդի համար ուղենիշը անկախության գաղափարն է, եւ դա հաստատվել է անցած տարվա դեկտեմբերին Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեով, երբ համաժողովրդական «այո» է ասվել անկախությունը փաստող գլխավոր փաստաթղթին՝ Սահմանադրությանը: Նույնը հաստատում են նաեւ սոցիոլոգիական հարցումները: Մեկ ամիս առաջ, օրինակ, Ղարաբաղում անցկացված հարցումները պարզել են, որ Հայաստանին վերամիավորվելու կողմնակիցներն արդեն մեծամասնություն չեն կազմում Ղարաբաղում»:

«Ժամանակ Երեւան»-ը գրում է. - «Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի տարեվերջյան հայտարարությունից շատ չանցած, որ ինքը պաշտոնապես հրաժարվում է երրորդ ժամկետ առաջադրվելուց, սկսեցին Ղարաբաղում անցկացնել սոցհարցումներ, թե ժողովրդի քանի տոկոսն է կողմ Ղուկասյանի երրորդ անգամ առաջադրմանը: Իսկ տարբեր «հայտնի» քաղաքագետներ, ի դեպ՝ Մոսկվայից ժամանած, սկսեցին հնչեցնել հայտարարություններ, որ պետք է Ղուկասյանին համոզել, խնդրել, որպեսզի նա համաձայնի շարունակել նախագահել: Ղուկասյանին «համոզելը» շատ կարեւոր է հատկապես այն տեսանկյունից, որ եթե դա հաջողվի գլուխ բերել, ապա դա նախադեպ կարող է ստեղծել, որպեսզի Հայաստանն էլ «երիտասարդ թոշակառու» չունենա, այլ ունենա երրորդ անգամ առաջադրվող նախագահ»:

«Չորրորդ իշխանություն»-֊ն այսպես է նկարագրում Հայաստանի քաղաքական դաշտը. - «Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան»֊-ը պայքարում են «համաժողովրդական» քվեների համար: Իրականում հաշվարկը պարզ է. երկուսն էլ նույն գործն են կատարում, եւ իշխանությունների գործունեությունից գոհ զանգվածը պիտի իր ձայնը տա Հանրապետականին, դժգոհ զանգվածը՝ «Բարգավաճ Հայաստան»֊-ին: Իսկ ընդդիմությունը լավ էլ հարմարվել է խաղի կանոններին: Ու երկու մասի է բաժանվել՝ մի մասը Ռոբերտ Քոչարյանի կողմն է, մյուս մասը՝ Սերժ Սարգսյանի: Հենց այդպես էլ խաղում են ընդդիմադիրի իրենց դերը՝ մի մասը Ռոբերտ Քոչարյանին է հայհոյում, մյուս մասը՝ Սերժ Սարգսյանին»:

«168 ժամ»-ը շարադրում է. - «Մեր տեղեկություններով, արդեն Հանրապետական կուսակցությունում որոշում է կայացվել Սահակյանների ընտանիքից համամասնական ցուցակում ընդգրկել միայն ավագ՝ Գալուստ Սահակյանին: Իսկ Արման Սահակյանը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո աշխատանքի կանցնի գործադիրում: Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ, Գալուստ Սահակյանը Հանրապետականի համամասնական ցուցակում զբաղեցնելու է հինգերորդ հորիզոնականը՝ Հովիկ Աբրահամյանից հետո»:

«Առավոտ»-֊ն իր խմբագրականում գրում է. - «Գաղտնիք չէ, որ նախագահ Քոչարյանը չի կարողանում լսել իր հասցեին որեւէ քննադատական խոսք: Եվ մարդկային տեսակետից այստեղ որեւէ արտառոց բան չկա: Կարծում եք, Ջորջ Բուշին կամ Ժակ Շիրակին դո՞ւր է գալիս, երբ նրանց հրապարակավ քննադատում են: Բնականաբար՝ ոչ: Բայց Բուշի եւ Շիրակի երկրներում չկա այնպիսի Սահմանադրական դատարան, որը պատրաստ է բավարարել նախագահի ցանկացած քմահաճույք: Իսկ Հայաստանում կա: Եվ երբ նախագահը դիմում է իր գրպանում գտնվող այդ դատարանին, որպեսզի վերջինս հնարավորություն տա Հանրային հեռուստատեսությանը չցուցադրել Ազգային ժողովում պատգամավորների 3֊-րոպեանոց հայտարարությունները, կառավարության հետ հարցուպատասխանը եւ «Խորհրդարանական ժամ»-֊ը, Սահմանադրական դատարանը անմիջապես «չեստ է տալիս» եւ կատարում է Ռոբերտ Քոչարյանի հրահանգը»:

«Հայոց աշխարհ»֊-ը փաստում է. - «Հեռուստասերիալների թարգմանական խոսքը, գովազդի լեզուն հասել է գռեհկության: Վերջինիս փայլուն դրսեւորումներն են Հայկոյի եւ Մկոյի, Վերվարածների, Տիկոյի եւ Սաքոյի, հիմա էլ «32 ատամ»֊-ի, վաղն էլ, ինչո՞ւ չէ, «Սարոյի եւ Մարո»֊-ի՝ մայրենին ծաղրուծանակող հաղորդումները: Եթերը լի է հայհոյանքներով, անպարկեշտ խոսքերով, այլասերված բարքերի քարոզչությամբ… Լեզվի պետական տեսչությունը հայտարարել է. «2007-֊ը՝ մայրենի լեզվի տարի»: Ինչպիսի անհեթեթություն: Իսկ հետո՝ հաջորդ տարիներին, կարելի է խոսել ով ինչպես կարո՞ղ է, կամ ով ինչպես ցանկանո՞ւմ է»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG