Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 17-ը փետրվարի)

«Իր ազդեցությունը պահպանելու համար Քոչարյանն ամբողջ խաղագումարը դրել է «Բարգավաճ Հայաստան»֊-ի վրա՝ իր բարեհաճությունից զրկելով անգամ Դաշնակցությանը: Քոչարյանն աստիճանաբար մոռանում է նաեւ ՄԱԿ-֊ի գոյության մասին», - գրել է «Հայք»-ը եւ ամփոփել. - «Ընտրությունների ժամանակ կտեսնենք իշխանության երկու հակադիր բեւեռների անզիջում պայքար, ուր ամենամեծ դերակատարը լինելու է փողը»:

«168 ժամ»-ին հաջողվել է պարզել, թե «որտեղ եւ ինչ խնդիրների շուրջ են վերջին օրերին քննարկումներ անցկացրել ընդդիմության որոշ ներկայացուցիչներ»: Իրականում, ըստ թերթի, այդ բանակցությունները տեղի են ունեցել Երեւանում՝ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում, մի քանի ընդդիմադիր լիդերների՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի մասնակցությամբ: «Դեմիրճյանն ասել է, թե ՀԺԿ֊ում իրեն պարտադրում են, որ համամասնական ցուցակի 60 տեղերը տրվեն ՀԺԿ֊-ին, իսկ մնացած 60-֊ը բաշխվեն մյուս երեք՝ ԱԺՄ, «Հանրապետություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունների միջեւ: Այս պայմանները թվարկելուց հետո Դեմիրճյանը վստահեցրել է, որ դրանք չբավարարելու դեպքում ինքը չի կարող միանալ ընդդիմությանը: Սակայն Վազգեն Մանուկյանն ընդվզել է, ասելով, որ եթե համամասնական ցուցակում տեղերը չորս կուսակցությունների միջեւ հավասար չբաշխվեն, ապա իրենք ստիպված կլինեն դաշինք կազմել առանց ՀԺԿ֊-ի», - գրել է «168 ժամ»-ը:

«Առավոտ»֊-ը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել Ազգային ժողովի կանոնակարգի այն բոլոր դրույթները, որոնց դեմ բողոքում էր Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Թերթը փաստել է, որ այժմ Հանրային հեռուստատեսությունը կարող է արդեն իսկ դադարեցնել «Խորհրդարանական ժամ»-ի հեռարձակումը: «Այսպիսով, ընտրությունների շեմին, քարոզչական գովազդի՝ առեւտրային գովազդից էլ բազմակի բարձր սակագների պայմաններում, ընդդիմությունը զրկվեց նաեւ այս հաղորդաշարով 3-֊ական րոպեների ընթացքում իր ուղերձը տեղ հասցնելու հնարավորությունից», - շեշտել է «Առավոտ»-ը:

«Ժամանակ Երեւան»֊-ը գրել է. - «Երբ լրագրողներն արդեն քանի տարի է դաշնակ տեսնելիս հարցնում են, թե ումի՞ց եւ ինչի՞ց կսկսեին նրանք իրենց հակակոռուպցիոն պայքարը, եթե այդ մարմինը վստահվեր իրենց, ընկերները բերանները ջուր են առնում, քանի որ ասելու բան, ըստ էության, չունեն: Որովհետեւ եթե բերանները բացեն ու որեւէ բան ասեն, ապա իրենց Գերագույն մարմնի դիմացի մայթի շենքից, առաջին պատահած ցրիչի հետ, դաշնակներին անմիջապես կուղարկեն մի մեծ ցուցակ՝ թե ինչ ստվերային բիզնեսներ ունեն հեղափոխական ընկերները՝ սկսած բանանի բիզնեսից մինչեւ սրճարանները, լոտոներն ու բարդակները»:

«Հայոց Աշխարհ»֊-ը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի մասին գրել է. - «Երբ «Դաշինք»֊-ը խոսք է բացում ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին, տպավորություն է ստեղծվում, թե երկար տարիներ Ղարաբաղում «բեսպրեդել»֊-ի խորհրդանիշ է հանդիսացել մեկ ուրիշ Սամվել Բաբայան: Այդ մեկ ուրիշ Սամվել Բաբայանն է մեղադրվել ու դատապարտվել Ղարաբաղի նախագահի վրա մահափորձի համար, ինչը կարող է բնութագրվել իբրեւ ահաբեկչություն: Իսկ երբ «Դաշինք»֊-ի կողմից արտաբերվում է «անօրինականություն» հասկացությունը, չգիտես ինչու, հիշում ես, թե ինչպես էր ժամանակին Ղարաբաղում վարվում Սամվել Բաբայանը բոլոր նրանց հետ, ովքեր համարձակվում էին ինչ-֊որ բան ասել իր կամքին հակառակ»:

«Հայկական ժամանակ»-ը «Վախցա՞ր, նանար» վերնագրի ներքո տեղեկացրել է. - «ԱԼՄ, «Կենտրոն», «Երկիր- Մեդիա», «Շանթ», «Հ1», «Հ2» հեռուստաընկերությունները հրաժարվել են իրենց եթերում վճարովի հիմունքներով տեղադրել «Այլընտրանք» հասարակական֊քաղաքական նախաձեռնության հանրահավաքի հրավեր֊-հոլովակը: Ընդ որում, «Երկիր-Մեդիա»֊-ում ի սկզբանե համաձայնել են հոլովակը եթեր հեռարձակել, անգամ գանձել են գումարը, բայց որոշ ժամանակ անց զանգահարել են «Այլընտրանք»-֊ի ներկայացուցչին եւ, տեղեկացնելով, որ հոլովակը չեն հեռարձակելու, առաջարկել են գումարը ետ վերցնել: «Հ2»֊-ում էլ արդեն գումարը գանձելիս են եղել, երբ անհայտ մեկի, ըստ ամենայնի՝ հեռուստաընկերության ղեկավար Սամվել Մայրապետյանի զանգը կասեցրել է գործընթացը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG