Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Ցեղասպանության բանաձեւը կվնասի թուրք - ամերիկյան հարաբերությունները»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ-ի Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը պաշտպանելու դեպքում վնաս կհասցնի թուրք - ամերիկյան երկկողմ հարաբերություններին:

«Մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսը չի ընդունի նման որոշում: Բայց եթե այն [Կոնգրեսը] զարմացնի մեզ, ապա ես մտավախություն ունեմ, որ դա ստվեր կգցի ապագայում մեր ռազմավարական գործընկերության վրա», - հայտարարել է Էրդողանը կիրակի օրը ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, վարչապետը չի մանրամասնել, թե ինչ կարող է անել Թուրքիան բանաձեւի ընդունման դեպքում:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալությունը, Էրդողանը մեղադրել է հայկական Սփյուռքը ցեղասպանության թեման Թուրքիային վնասելու նպատակով շահարկելու մեջ եւ հիշեցրել, որ հայ «ծայրահեղականները» անցյալում տասնյակ թուրք դիվանագետների են սպանել՝ վրեժ լուծելով 1915 թվականի իրադարձությունների համար:

Թուրքիայի վարչապետը նաեւ վստահեցրել է, թե իր երկրի փոքրաթիվ հայ համայնքը ապահովության մեջ է՝ չնայած այս տարվա հունվարին թուրք ազգայնականի կողմից Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է հունվարի վերջին:

Չնայած նախկինում նման բանաձեւերի ընդունումը կանխվել է ամերիկյան վարչակազմի ջանքերով, այս տարի բանաձեւի հաստատվելու հավանականությունը շատ մեծ է, քանի որ Կոնգրեսի դեմոկրատական մեծամասնությունում շատ են հայամետ կոնգրեսականները, որոնց թվում է նաեւ Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Նենսի Փելոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG