Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ»-ը Թուրքիային խորհուրդ է տալիս Քրեական օրենսգրքից հանել 301-րդ հոդվածը


Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր հանդեսը «Հայերի հարցով նոր բանավեճը կարող է փչացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները» վերնագրով հոդված է հրապարակել, որում որպես հնարավոր ելք ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձեւի հետ կապված թնջուկից մատնանշում է Թուրքիայի քրեական օրենսգրքից տխրահռչակ 301-րդ հոդվածը «դեն նետելը»:

«Ամերիկյան իրար հաջորդող վարչակազմերը խափանել են ցեղասպանության բանաձեւերի ընդունումը՝ փաստարկելով, թե Թուրքիան անչափ թանկ դաշնակից է՝ նրան կորցնելու համար: Օգնել են Իսրայելի հետ Թուրքիայի ջերմ կապերի համար երախտապարտ հրեական կազմակերպությունները: Սակայն իրավիճակը փոխվել է», - ընդգծում է «Էկոնոմիստ»-ը:

Հոդվածում թվարկված են այդ փոփոխության պատճառները՝ սկսած 2003 թվականի մարտին Թուրքիայի տարածքով Իրաք մուտքը ամերիկյան զորքերին արգելելուց, Իրանի, Սիրիայի եւ Համաս խմբավորման հետ թուրքական կառավարության բանակցություններից մինչեւ հյուսիսային Իրաքում քուրդ գրոհայինների դեմ սեփական ուժերով պայքարելու՝ Թուրքիայի սպառնալիքները:

Հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Նենսի Փելոսին անցած շաբաթ հրաժարվել է ընդունել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլին:

«Ի՞նչ անել: Որպես սկիզբ՝ Թուրքիան կարող է դեն նետել «թուրքական ինքնությունը վիրավորելը» քրեական հանցանք դարձնող թիվ 301-րդ հոդվածը Քրեական օրենսգրքից: Ինչպես Հրանտ Դինքն էր փաստարկում, Թուրքիայի անցյալի հանցանքների ճանաչմանը լավագույնս կնպաստի թուրքերի միջեւ անկաշկանդ բանավեճը, այլ ոչ թե քվեներ հայցող օտարերկրյա քաղաքական գործիչները», - գրում է «Էկոնոմիստ»-ը:

«Հուսադրող է, երբ պարոն Գյուլը գանգատվում է՝ «Թուրքիայից դուրս մտածում են, թե ձեր բերանը բացելու համար կարող եք բանտ նետվել», - գրում է բրիտանական հանդեսը՝ ամփոփելով. - «Ավելին, ինչպես ողբերգականորեն բացահայտեց պարոն Դինքը՝ կարող եք սպանվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG