Մատչելիության հղումներ

ՀԺԿ-ն վաղը կորոշի ընտրություններին միայնակ կամ դաշինքով մասնակցելու հարցը


Հայաստանի ժողովրդական կուսակցության՝ շաբաթ օրը նախատեսված հերթական համագումարը վերջնական որոշում կկայացնի առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցության միայնակ կամ այլ ուժերի հետ դաշինքով մասնակցության վերաբերյալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց կուսակցության նախագահ, Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

«Կքննարկվի այդ հարցը համագումարում: Գաղտնիք չէ՝ հակվածություն կա առանձին մասնակցելու, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Դաշինքի կազմավորումը ինքնանպատակ չէ. ես ասել եմ՝ ամորֆ դաշինքներից օգուտ չկա», - ասաց ՀԺԿ-ի նախագահը:

Մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ՀԺԿ-ն մերժել է «Ժառանգություն», «Հանրապետություն» եւ Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունների հետ դաշինք կազմելու առաջարկը, քանի որ ՀԺԿ-ականներին համամասնական ցուցակում անցողիկ տեղեր չեն առաջարկվել՝ Ստեփան Դեմիրճյանն ընդգծեց. - «Նման կոնսուլտացիաներ տարվում են տարբեր քաղաքական ուժերի հետ, եւ ես կոռեկտ չեմ համարում կոնսուլտացիաների ընթացքում ինչ-որ տեղեկատվություն տարածելը, մանավանդ որ իրականությանը չի համապատասխանում»:

ՀԺԿ-ի համագումարին քաղաքական այլ ուժեր հրավիրված չեն, ինչը կուսակցության նախագահն այսպես բացատրեց. - «Մեր հերթական համագումարն է, համընկել է ընտրությունների հետ, եւ անկաշկանդ քննարկումներ անցկացնելու նպատակով մենք համագումարին չենք հրավիրում այլ քաղաքական ուժերի, ինչը չի կարող տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դառնալ»:

Կուսակցության համամասնական ցուցակի հարցը, ըստ Դեմիրճյանի, համագումարի ժամանակ չի քննարկվելու. - «Այդ հարցը կքննարկվի հետագայում՝ վարչության նիստի ժամանակ: Օրենքով սահմանված ժամկետներում ցուցակը կներկայացվի: Մինչեւ փետրվարի վերջը այդ նիստը տեղի է ունենալու»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG