Մատչելիության հղումներ

Երեք ամսում «ԱրմենՏել»-ի բջջային կապի բաժանորդների թիվն աճել է 50 հազարով


Երեք ամսում «ԱրմենՏել»-ի բջջային կապի բաժանորդների թիվը աճել է 50 հազարով` ամսական միջինը 17 հազարով:

Ինչպես Մոսկվայում հայտարարել է «Վիմպելկոմ»-ի՝ ԱՊՀ-ում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Սերգեյ Ավդեեւը, նոյեմբերին, երբ ռուսաստանյան ընկերությունը ստանձնեց «ԱրմենՏել»-ի ղեկավարությունը, բջջային կապի բաժանորդների թիվը 400 հազար էր, այսօր արդեն՝ 450 հազար:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե գո՞հ են արդյոք ռուսաստանյան ընկերության ծավալած գործունեությունից հայ սպառողները, Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը պատասխանեց, թե իրենք ուրախ են, որ բջջային կապից օգտվողների թիվն անշեղորեն աճում է, բայց հիմնական խնդիրները վերաբերում են ֆիքսված հեռախոսակապի ոլորտին, մասնավորապես, միջքաղաքային խոսակցությունների կեղծ եւ ուռճացված հաշիվներին, որոնք երբեմն հասնում են 500 հազար դրամի:

«Մենք հիմա գտնվում ենք բանակցային գործընթացում «ԱրմենՏել»-ի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որպեսզի մեր սպառողներին փրկենք այս պատուհասից, բայց, մյուս կողմից, առավել կարեւոր է լուծում գտնելը, որ այսպիսի բան էլ չկրկնվի», - ասաց Արմեն Պողոսյանը:

Վերջին անգամ Սպառողների միության ներկայացուցիչները «ԱրմենՏել»-ի ղեկավարության հետ հանդիպել են անցած ուրբաթ օրը:

«Առայժմ մի արդյունք է տվել մեր հանդիպումը` «ԱրմենՏել»-ը եւս մտահոգվեց ու ցանկություն ունի լուծել այդ պրոբլեմը», - նշեց միության նախագահը:

Սպառողների միությունում պարզել են, որ նման կեղծ հեռախոսային հաշիվներն ի հայտ են գալիս հիմնականում հաքերների միջամտության արդյունքում: Սակայն դա, ըստ միության ղեկավարի, հարցի միայն տեխնիկական կողմն է. - «Կարեւոր ու անհրաժեշտ է («ԱրմենՏել»-ի) բարյացակամ համագործակցությունը, որը չեմ կարող ասել, թե առայժմ առկա է»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG