Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «301-րդ հոդվածը պետք է փոխվի»


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը այսօր հայտարարել է, թե Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը պետք է փոփոխվի, քանի որ այն «վնասում է Եվրամիության անդամության թեկնածու երկրի վարկը արտերկրում»:

«Ես ցանկանում եմ, որպեսզի այդ հոդվածը փոփոխվի, քանի որ այն ստվեր է գցում բարեփոխումների գործընթացի վրա», - այսօր թուրքական հեռուստատեսությամբ ասել է Գյուլը:

«Թուրքիայից դուրս կարծում են, թե իրենց բերանը բացելու համար մարդիկ կարող են բանտ նետվել, թե բանտերում հարյուրավոր լրագրողներ եւ մտավորականներ կան», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ վստահեցնելով. - «Այս ամենը սուտ է: Այսօր Թուրքիայում ոչ ոք բանտարկված չէ իր տեսակետի համար: Մարդիկ կարող են արտահայտել ինչ ուզում են, նրանք կարող են ազատ խոսել»:

«Ռոյթերզ» գործակալությունը նշում է նաեւ, որ «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար քրեական պատիժ սահմանող 301-րդ հոդվածով բազմաթիվ մտավորականներ են դատական հետապնդման ենթարկվել, այդ թվում «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը եւ գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը, ընդ որում՝ Դինքը 6 ամսվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել:

Եվրամիությունը բազմիցս Թուրքիայից պահանջել է վերանայել 301-րդ հոդվածը:

Այս տարվա հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո հոդվածը վերացնելու պահանջները ավելի սաստկացան ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի առաջադեմ հանրության կողմից:

Երկրի իշխանությունները, սակայն, հայտարարել են, թե պատրաստ են փոփոխել հոդվածը, իսկ վերացնել այն մտադիր չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG