Մատչելիության հղումներ

Մարտի Ահտիսաարին Եվրամիության արտգործնախարարներին կներկայացնի իր ծրագիրը


Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մարտի Ահտիսաարին այսօր Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարներին կներկայացնի հակամարտության կարգավորման իր ծրագիրը:

Ֆինն դիվանագետն առաջարկում է Կոսովոյին «սահմանափակ անկախություն» տրամադրել, այն է՝ պաշտոնապես չհռչակելով Կոսովոյի անկախությունը՝ միեւնույն ժամանակ այդ տարածքում ապրող ալբանացիներին ընձեռել սեփական օրհներգը, դրոշը, զինանշանն ու բանակն ունենալու, ինչպես նաեւ միջազգային կառույցներին անդամակցելու իրավունք:

Այս ամսվա սկզբին Ահտիսաարին ծրագիրը ներկայացրել էր նաեւ հակամարտող կողմերին՝ հավաստիացնելով. - «Մեր նպատակն է պաշտպանել Կոսովոյում ապրող փոքրամասնությունների իրավունքներն ու ստեղծել բազմազգ Կոսովո»:

«Մենք կողմերին տալիս ենք եւս մեկ հնարավորություն՝ Կոսովոյի կարգավիճակի շուրջ փոխզիջումային լուծում գտնելու համար», - ասել էր Մարտի Ահտիսաարին:

Ծրագրի դրույթներին ծանոթանալուց հետո, սակայն, երկու կողմերում էլ բողոքի ցույցեր սկսվեցին. ալբանացիները շարունակում են պահանջել անհապաղ անկախություն, մինչդեռ սերբերը հայտարարում են, թե երբեք չեն համաձայնի այդ գաղափարին:

«Կոսովոյի պահանջած անկախությունը դեմ է միջազգային օրենքներին եւ կարող է շատ վտանգավոր քաղաքական եւ օրենսդրական նախադեպ դառնալ», - հայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Թաջիչը:

Հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության չեն գալիս նաեւ Ռուսաստանն ու մյուս գերտերությունները:

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները հայտարարում են, թե ողջունում են Ահտիսաարիի առաջարկած ծրագիրը եւ կոչ են անում կողմերին՝ լրջորեն քննարկել դրա դրույթները:

Պաշտոնական Մոսկվան, սակայն, զգուշացնում է, թե լուծման այս տարբերակը շղթայական ռեակցիա կարող է առաջացնել:

«Մենք սրանով բացում ենք «Պանդորայի արկղը», - անցած շաբաթավերջին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: - «Եթե Կոսովոյին անկախություն տրամադրվի, չճանաչված մյուս պետություններում էլ կարող են ասել՝ «Իսկ ինչո՞վ ենք մենք նրանցից վատը»:

«Դա վերաբերում է ոչ միայն նախկին Խորհրդային Միության տարածքին, այլեւ Եվրոպային ընդհանրապես», - ընդգծել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG