Մատչելիության հղումներ

ՍԻՄ-ի ղեկավարների միջեւ լարվածությունը վերաճում է բռնության


«Սահմանադրական իրավունք» միության հիմնադիր, կուսակցության նախկին նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Խաչատրյանի եւ իր նախկին տեղակալ, ՍԻՄ-ի այժմյան նախագահ Հայկ Բաբուխանյանի միջեւ լարվածությունը այսօր հասավ գագաթնակետին` վերաճելով բռնության:

Հրանտ Խաչատրյանը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) աշխատակիցների ուղեկցությամբ եկել էր կուսակցության գրասենյակ` ստիպելու Հայկ Բաբուխանյանին կատարել վերաքննիչ դատարանի որոշումը, այսինքն` չեղյալ համարել ՍԻՄ-ի 17-րդ համաժողովի ընթացքում կատարված ՍԻՄ-ի նախագահության ընտրությունը եւ կուսակցության ղեկավարումը վերադարձնել իրեն: Սակայն ԴԱՀԿԾ-ի աշխատակիցները շուրջ մեկուկես ժամ ներսում մնալուց հետո դուրս եկան եւ հեռացան առանց մեկնաբանությունների:

Երբ դրանից հետո Հրանտ Խաչատրյանը մտավ գրասենյակ` պահարանից վերցնելու որոշ փաստաթղթեր, Բաբուխանյանը փորձեց թույլ չտալ, եւ Խաչատրյանը ապտակեց նրան: Ոստիկանները միջամտեցին, եւ քաշքշուկը շարունակություն չունեցավ:

«Հրապարակայնության պայմաններում ինձ չհաջողվեց նրան ապտակել, բայց իր համախոհների ներկայությամբ ապտակեցի: Լավ էլ ստացվեց», - ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանի 50-ից ավելի կողմնակիցները փորձում էին բռնությամբ կոտրել դուռը եւ ներս մտնել, սակայն ներսից հակառակ կողմը` Բաբուխանյանի համախոհները, ամուր փակել էին դռները: Խաչատրյանը եւ նրա կողմնակիցները շուրջ 4 ժամ չէին հեռանում գրասենյակից, բայց ոչինչ չհաջողվեց անել:

Հայկ Բաբուխանյանը դիմել է իրավապահ մարմիններին` քննություն անցկացնելու եւ Հրանտ Խաչատրյանին ու նրա կողմնակիցներին պատժելու պահանջով:

Ողջ օրվա ընթացքում իրավապահները եւ հատուկ ծառայությունները վերահսկում էին գրասենյակը:

«Սա խուլիգանություն է, Հրանտ Խաչատրյանը ստում է, նա որեւէ հիմք չունի նման պահանջներ առաջադրելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայկ Բաբուխանյանը: - «Դատական վճռում իր կամ կուսակցության նախագահի մասին որեւէ բառ չկա: Պարոն Խաչատրյանը որեւէ առնչություն չունի դատավարության հետ, նրան դատավճիռը որեւէ կերպ չէր վերաբերում: Կուսակցության նախագահի վերաբերյալ դատական հայց, վեճ գոյություն չունի, խոսքը կուսակցության մի քանի մարմինների մասին է եւ դատարանի պահանջը կուսակցությունը կատարել է` ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը: Դատական կատարողներն էլ համոզվեցին եւ հեռացան»:

«Ես պահանջելու եմ, որ պարոն Խաչատրյանը եւ նրա հետ եկած եւ հանցանք գործած անձնավորությունները ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության», - ավելացրեց Հայկ Բաբուխանյանը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG