Մատչելիության հղումներ

3ուրի Մերզլյակով. «Կողմերը պետք է համաձայնության հասնեն էության շուրջ»


ԵԱՀԿ-֊ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով զեկուցող Գորան Լենմարկերը Բաքվում հույս է հայտնել, որ «Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության կհասնեն նախքան հուլիսին Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի հրապարակումը»:

day.az գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի այդ հայտարարությանը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ 3ուրի Մերզլյակովն ասել է. - «Լենմարկերը, հավանաբար, նկատի ուներ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մինչեւ հուլիս ոչ թե խաղաղության պայմանագիր կկնքեն, այլ համաձայնության կհասնեն կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ»:

Ռուսաստանցի դիվանագետի խոսքերով, համաձայնությունը նախապատրաստվելու է հակամարտության կարգավորման առանցքային սկզբունքների հիման վրա, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք դրանք կարտահայտվեն փաստաթղթում:

«Դեռ վաղ է խոսել ձեւի մասին. կարեւորն այն է, որ կողմերը համաձայնության հասնեն էության շուրջ, ամեն ինչ նրանց որոշումից է կախված», - հավելել է նա:

Պատասխանելով «Պրահայի գործընթացի» շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման հնարավոր վայրի եւ ժամկետի մասին հարցին, 3ուրի Մերզլյակովը փոխանցել է, որ համանախագահները աշխատանք են տանում այդ հանդիպումը կազմակերպելու համար:

«Ցանկալի է, որ նախարարների հանդիպումը տեղի ունենա մինչեւ մարտ ամիսը», - ասել է Մերզլյակովը:

Այսօր Գորան Լենմարկերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Լենմարկերի վկայությամբ` Ղարաբաղի թեման բանակցությունների ընթացքում չի քննարկվել:

Այսօր Գորան Լենմարկերին ընդունել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG