Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Ղարաբաղի հարցով խաղաղ համաձայնության գլխավոր տարրերի շուրջ ընդհանուր մոտեցումներ գտնվել են»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր Բաքվում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով «խաղաղ համաձայնության գլխավոր տարրերի շուրջ արդեն գտնվել են ընդհանուր մոտեցումներ, սակայն այժմ քննարկվում են տեխնիկական տարրերը»:

Նա ընդգծել է հիմնախնդրի կարգավորման հարցում իր լավատեսությունը եւ հավելել, որ «պետք է երկու երկրների նախագահների քաղաքական կամքը»:

Ամերիկացի համանախագահը դժվարացել է նշել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլի ժամկետը:

Խոսելով ընթացիկ տարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների մասին՝ Բրայզան ասել է, թե իրավիճակը փոքր-ինչ բարդանում է Հայաստանում նախատեսվող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, եւ «նման իրավիճակում բանակցային գործընթացն առաջ մղելու փորձերում պետք է զգույշ լինել»:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ամերիկացի համանախագահը վստահեցրել է, որ Կոսովոյի հակամարտության կարգավորման սցենարը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նախադեպ չի դառնա: Ըստ նրա, «աշխարհում յուրաքանչյուր հակամարտություն ունի իր բնույթը, հետեւաբար, պետք չէ զուգահեռներ անցկացնել կարգավորման մեթոդների միջեւ»:

Մեթյու Բրայզան, որը պատասխանատու է նաեւ Կասպիական տարածաշրջանում էներգետիկայի հարցերով, հայտարարել է, թե 10-15 տարվա ընթացքում Ադրբեջանը կարող է դառնալ Եվրոպա բնական գազի առաջատար արտահանող:

«Ադրբեջանը գազի արդյունահանումն ընդլայնելու մեծ հնարավորություններ ունի», - ասել է ամերիկացի դիվանագետը եւ հավելել. - «ԱՄՆ-ը հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի Ադրբեջանը ավելի շատ գազ արտահանի Եվրոպա»:

Նա տեղեկացրել է, որ Ղազախստանի ղեկավարության հետ արդեն բանակցություններ է վարել Անդրկասպյան գազամուղի շինարարության հարցով եւ մտադիր է դրանք շարունակել Բաքվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG