Մատչելիության հղումներ

Լենմարկեր. «Երկարաժամկետ դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի ընտրություններից 1-1,5 ամիս առաջ»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի փոխանցմամբ, ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից 1-1,5 ամիս առաջ, իսկ ավելի վաղ մեկ այլ պատվիրակություն կգա` հետեւելու նախապատրաստական աշխատանքներին:

Թեեւ Հայաստանի իշխանություններից նման առաքելություն իրականացնելու հրավեր դեռեւս չի ստացվել, Լենմարկերը վստահեցրեց, որ հրավերը կլինի, եւ «այդ առումով որեւէ խնդիր չի առաջանա»:

Երեքշաբթի օրը Երեւանից Թբիլիսի մեկնելուց առաջ Լենմարկերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նաեւ, որ երեւանյան հանդիպումներից ստացած տպավորությամբ` «Հայաստանի ժողովուրդն, անկասկած, ուզում է, որ ընտրություններն արդար ու թափանցիկ լինեն»:

Անդրադառնալով իշխանություններին` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը հույս հայտնեց, որ «ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ ապահովելու նպատակով նախապատրաստական աշխատանքները կկատարվեն»:

Նա փոխանցեց, որ իր հետ հանդիպումների ընթացքում որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դժգոհություն են հայտնել, որ ոչ բոլոր քաղաքական ուժերին է հնարավորություն տրվում հանդես գալ զանգվածային լրատվամիջոցներով:

Գորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը վաղը երեկոյան Թբիլիսիից կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված է հանդիպում նաեւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Լենմարկերի թբիլիսյան օրակարգում է նաեւ հանդիպումը նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:

Հարցին, թե արդյո՞ք երեւանյան այցի օրերին նախատեսված չէր հանդիպում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Լենմարկերը պատասխանեց. - «Նախապես ծրագրված հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ պետք է կայանար այսօր առավոտյան, սակայն ինձ հայտնեցին, որ նախագահը քաղաքում չէ»:

Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին այս կապակցությամբ ասաց հետեւյալը. - «Նախ, նախագահ Քոչարյանի օրակարգում նման հանդիպում նախատեսված չի եղել: Երկրորդ, Լենմարկերի այցը կազմակերպել է Ազգային ժողովի արարողակարգի բաժինը եւ դեռ այն ժամանակ ԵԱՀԿ-ից առաջարկ է ստացել Հայաստանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ: Այդ ժամանակ էլ Ազգային ժողովից տեղեկացրել են Գորան Լենմարկերին, որ այցի ժամանակահատվածում նախագահը քաղաքում չի լինելու»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG