Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի վարչակազմը Հայաստանի համար Ադրբեջանից քիչ ռազմական օժանդակություն է առաջարկել


ԱՄՆ-ի վարչակազմը առաջարկել է 2008 թվականի բյուջեով օտար երկրների ռազմական ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում Ադրբեջանին 4 միլիոն 300 հազար, Հայաստանին՝ միայն 3 միլիոն դոլար հատկացնել: Բացի այդ, առաջարկվում է միջազգային ռազմական կրթության ու վարժանքների ծրագրերի համար 1 միլիոն դոլարի օժանդակություն հատկացնել Ադրբեջանին եւ միայն 300 հազար դոլարի օժանդակություն՝ Հայաստանին:

2008 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է Ազատության աջակցության գործառույթի շրջանակներում Հայաստանին հատկացնել 35 միլիոն դոլար՝ տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ու կոռուպցիայի դեմ պայքարի համար:

Ամերիկայի հայկական համագումարը բողոքում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական օժանդակության բնագավառում անհավասարակշռություն հաստատելու փորձի դեմ, ինչը, Համագումարի հայտարարության համաձայն, կարող է վնասել տարածաշրջանային կայունությունը:

«Երկու երկրներին ռազմական անհավասարաչափ օժանդակություն տրամադրելու առաջարկը ոչ միայն դեմ է նախկին տարիներին հավասարաչափ օժանդակություն հատկացնելու՝ Կոնգրեսի կողմից հաստատված որոշումներին, այլ նաեւ սխալ ուղերձ է հանդիսանում ԱՄՆ-ի կարեւոր դաշնակից Հայաստանի համար», - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Համագումարը վստահեցնում է, որ աշխատանքներ է ծավալելու՝ հասնելու համար նրան, որպեսզի ռազմական օժանդակության հարցում պահպանվի հավասարակշռություն, ինչը արվել է նախորդ տարիներին:

«Ներկայացուցիչների պալատը անցած շաբաթ հաստատեց 2007 ֆինանսական տարում Հայաստանին հատկացվելիք օժանդակությունը 2006-ի մակարդակի վրա՝ մոտ 75 միլիոն դոլար, պահպանելու որոշում: Այս բյուջեի նախագիծը, հետեւաբար, իրենից ներկայացնում է օժանդակության կրճատում ավելի քան 50 տոկոսով», - ընդգծել է Բրայան Արդունին: - «Ավելին, չնայած Կոնգրեսի կողմից շարունակվող ֆինանսավորմանը, վարչակազմը որեւէ օժանդակություն չի առաջարկում Լեռնային Ղարաբաղի համար»:

Բյուջեի մասին վարչակազմի հայտարարությունը բյուջեն ընդունելու գործում առաջին քայլն է: Դրանից հետո նախագիծը քննարկվում է Կոնգրեսի երկու պալատների հանձնաժողովներում:

Առաջին քննարկումը կանցկացվի այս շաբաթ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ հաշվետվությամբ հանդես կգա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG