Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե Հայաստանում գործեր քաղաքական համակարգ եւ պարբերաբար նորմալ ընտրություններ անցկացվեին, ապա երկրում հավանաբար կգործեր երեք հիմնական կուսակցություն՝ ՀՀՇ, Կոմկուս եւ Դաշնակցություն, որոնք կմարմնավորեին երեք հիմնական գաղափարախոսությունները՝ ազատական, սոցիալիստական եւ ազգայնական», - գրում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը։ - «Բայց, քանի որ նախորդ եւ ներկա իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի նման համակարգ չձեւավորվի եւ ընտրություններից հետեւողականորեն դուրս են մղել քաղաքական բաղադրիչը, ապա գաղափարախոսությունների մասին խոսելն այսօր, բնականաբար, ավելորդ է. նրանք ովքեր անօրեն կերպով տիրացել են լծակների, ինչ-որ ձեւով իշխում են, իսկ նրանք ովքեր զուրկ են այդ լծակներից, հայտնվում են հասարակական կյանքի լուսանցքում՝ ժողովրդի մեծ մասի հետ միասին»։

«Հայոց Աշխարհ»-ը, անդրադառնալով «Այլընտրանք»-ի հեղափոխության կոչերին, մասնավորապես, գրում է. - «Ինչ վերաբերում է «հեղափոխությանը», որը մեզ խոստանում է «Այլընտրանք»-ը, ապա դա 2008-ին նախատեսվող բուն ներկայացման հավաստիությունն ապահովելու սկիզբն է կամ «ռեպետիցիան»: Թերթի համոզմամբ, «փորձ է արվում նախապատրաստել այն հողը, որի վրա 2008-ին ոտք է դնելու վերջերս իր «լռության ուխտը» խախտելու վճռականությամբ լցված «հին սերնդի» տեսական մտքի գագաթը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

«Ռոբերտ Քոչարյանը ընդհատակ է անցել», - կարծիք է հայտնում «Իրավունք»-ը: «Ի միջի այլոց, ամեն Մոսկվա գնալ-գալուց հետո նախագահը մի քիչ «քեֆսըզ» է դառնում: Իշխանական ներքին խոհանոցին ծանոթ մարդիկ դա բացատրում են նրանով, որ Քոչարյանը չի կարողանում ինչ-որ «դաբրոներ» ստանալ», - գրում է թերթը:

«Հայք» թերթը այսօր գրել է. - «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ նախագահականում առայժմ որոշվել է, որ 20 մեծամասնական ընտրատարածք հատկացվելու է հանրապետականներին, 13-ը` «Բարգավաճ Հայաստանի»-ին: Ինչ վերաբերում է մյուս 8 ընտրատարածքներին, ապա դրանք բաժին են հասել անկուսակցական օլիգարխներին: Նախագահական նստավայրից հրահանգել են, որ հանրապետականներն ու բագավաճականները չպետք է միմյանց դեմ մարդ առաջադրեն»:

Նույն թերթի դիտարկմանը, թե Շահգալդյանների ընտանիքը մասամբ սեփականաշնորհել է Կոտայքի մարզը, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Շահգալդյանը հակադարձել է. - «Եթե ընտանիքի անդամները մի քանիսն են, նրանցից մեկը պաշտոնի է, ապա մյուսները հեռանա՞ն հայրենիքից»: Շահգալդյանը իրենց ընտանիքը նաեւ համեմատել է ֆիզիկոս Աբրահամյանների ու Կյուրիների հետ:

«Քաղաքական նոր մոդա» վերնագրի տակ «168 ժամ» պարբերականը այսօր փոխանցել է, թե եւս մեկ կուսակցություն որոշել է կուսակցական կարգավիճակով մասնակցություն չունենալ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. - «Եթե ՀՌԱԿ-ը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, բայց կոչ արեց ընտրողներին ձայն տալ «Դաշինք» կուսակցությանը, ապա «Հզոր Հայրենիք»-ը մոտ օրերս ընտրողներին կոչ կանի քվեարկել արդեն մեկ այլ իշխանամետ կուսակցության` «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին»: Թերթի աղբյուրների համաձայն, այս «զոհաբերության փոխարեն «Հզոր Հայրենիք»-ի երկու ոչ շարքային ներկայացուցիչներ անհատական կարգով կընդգրկվեն «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակի մեջ»:

«Հիմա էլ իրանիկում» վերնագրի տակ «Հայկական ժամանակը» փոխանցել է Իրանի նախագահ Ահմադի Նեժադի հայտարարությունը, թե իրանցի մասնագետները ՍՊԻԴ-ի դեմ հայտնաբերել են նոր դեղամիջոց. - «Նոր դեղամիջոցի ստեղծման վրա բժիշկները աշխատել են շուրջ 7 տարի: Նոր դեղամիջոցը կոչվում է «MOD» եւ պատրաստված է խոտաբույսերից: Հիշեցնենք, որ անցած շաբաթ էլ աֆրիկյան Գամբիա պետության նախագահ Յահյա Ջամմեն էր հայտարարել, թե գտել է ՍՊԻԴ-ը բուժելու դեղամիջոցը: ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նույնպիսի հայտարարություն արել էր 1999-ին»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG