Մատչելիության հղումներ

Մեհմեդ Ալի Բիրանդ. «Հայոց ցեղասպանության բանաձեւի ժամանակն է՝ ո՞րն է մեր անելիքը»


«Այս տարվա օրակարգում է գնացքների հնարավոր բախումը Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ: Այս անգամ բախումը Հայոց ցեղասպանության պնդումների շուրջ է», - գրում է թուրք հայտնի լրագրող եւ հրապարակախոս Մեհմեդ Ալի Բիրանդը Turkish Daily News-ի այսօրվա համարում՝ «Հայոց ցեղասպանության բանաձեւի ժամանակն է՝ ո՞րն է մեր անելիքը» վերնագրված հոդվածում:

Ըստ թուրք հրապարակախոսի, չնայած ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումը սկսվել է «նույն սցենարով, ինչ տարիներ շարունակ», սակայն «այս տարի ամեն ինչ կարծես ավելի լուրջ է»:

«Այս անգամ հայերը թերեւս կարող են հասնել իրենց ուզածին: Ի տարբերություն նախորդ տարիների՝ քամին փչում է հայերի օգտին: Նենսի Փելոսին, որը հայկական հարցին աջակցում է ամբողջ սրտով, նշանակվեց Ներկայացուցիչների պալատի նախագահ: Հայերին համակրող դեմոկրատների թիվը պալատում աճել է», - նշում է Բիրանդը եւ ընդգծում. - «Առավել կարեւոր է Սպիտակ տան թուլացումը, որը համարվում էր Ներկայացուցիչների պալատում Թուրքիային սատարող ամենահզոր հաստատությունը: Նախագահ Բուշը չունի իր երբեմնի ազդեցությունը»:

Այս լույսի ներքո դիտարկելով Թուրքիայի կողմից ձեռնարկվելիք հնարավոր քայլերը՝ Բիրանդը գրում է. - «Մեր ամենավատ սովորությունն է՝ որեւէ գործողություն ձեռնարկելու համար սպասել մինչեւ վերջին րոպեն: Որպեսզի մենք միջոցներ ձեռնարկենք՝ նախ պետք է, որպեսզի մենք ահավոր հետեւանքները տեսնենք: Այդժամ մենք սկսում ենք բղավել եւ սպառնալիքներ տեղալ»:

Ընդգծելով, որ այժմ իրավիճակը լրիվ այլ է` Բիրանդը հայտարարում է. - «Այժմ մենք պետք է սթափվենք, ազատվենք հին սովորություններից եւ նոր քաղաքականություն որդեգրենք: Անխուսափելի է մեր հրաժարվելը հին հռետորաբանությունից, հարցը այլ տեսանկյունից դիտարկելը եւ ցեղասպանության բծից ձերբազատվելը»:

«Թուրքիան պետք է իրատեսական քայլեր ձեռնարկելու խիզախություն ցուցաբերի: Այսուհետ անհնար է լինելու գնալ որեւէ տեղ եւ պնդել՝ «Մենք ճիշտ ենք, հայ համայնքը խաբում է աշխարհին», - գրում է թուրք հրապարակախոսը:

«Մենք այլ ընտրություն չունենք, քան աշխարհին զարմացնելը», - պնդում է Բիրանդը: - «Եթե մենք ուզում ենք ազատվել ցեղասպանության պնդումներից կամ առժամանակ հետաձգել դրանք, ապա պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկենք, որոնք կզարմացնեն աշխարհին»:

«Անձամբ ես որեւէ այլ ճանապարհ չեմ տեսնում՝ կանխելու Միացյալ Նահանգների Կոնգրեսում ցեղասպանության բանաձեւի ընդունումը», - ամփոփում է Բիրանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG