Մատչելիության հղումներ

Բրայան Արդունի. «Ճշմարտությունը մեր կողմն է»


«Մենք այժմ համախմբում ենք մեր ուժերը եւ անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձեւը անցնի Կոնգրեսում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Ճշմարտությունը մեր կողմն է», - շեշտեց նա:

«Խոսնակ Փելոսին եւ մեծամասնության ղեկավար Հոյերը անցյալում եղել են այս բանաձեւի ջերմ աջակիցներ, եւ, հուսով ենք, նրանք հաստատուն դիրք կբռնեն հնարավոր ամեն մի սպառնալիքի եւ ճնշման դեմ», - ասաց Արդունին:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենի համոզմամբ, թե ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակի՝ օրերս արած հայտարարությունը եւ թե Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ ավելի են զարկ տալու աջակցությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին. - «Այս բանաձեւը վերահաստատում է տեղի ունեցած արհավիրքի՝ ցեղասպանության վրա աշխարհի ուշադրությունը սեւեռելու՝ Ամերիկայի եւ նրա նվիրյալ դիվանագետների կողմից իրականացված ջանքերը: Այն, որ այսօր օտար պաշտոնյաներ կարող են գալ՝ սպառնալու Միացյալ Նահանգներին ու ասելու, թե չեն ուզում, որ այս բանաձեւն ընդունվի, չեմ կարծում, թե համապատասխանում է ժողովրդավարության ու ազատ խոսքի սկզբունքներին»:

Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնական այցը ԱՄՆ նախատեսված է փետրվարի 4-9-ը: Ակնկալվում է, որ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումների ժամանակ Գյուլը կբարձրացնի նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հարցը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄաքՔորմաքը, չորեքշաբթի օրվա մամուլի ասուլիսում անդրադառնալով Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությանը Պետդեպարտամենտի հնարավոր հակազդեցությանը, ասել է. - «Մենք երբեք չենք հերքել այդ իրադարձությունները, եւ երկրի նախագահը ամեն տարի հիշում է այդ վայրագությունները, սակայն մենք դեմ ենք այդ ողբերգության տերմինաբանության շուրջ քաղաքական որոշումներ կայացնելուն»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե «արդյոք չի՞ կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2000 թվականին, երբ ներկայացված բանաձեւի քվեարկությունը հանվեց օրակարգից», Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենը պատասխանեց. - «Հասկանում ենք, որ դրամով վարձված լոբբիստները պետք է փորձեն հերքել ճշմարտությունը, սակայն մենք ունենք մեր ճշմարտությունը եւ շարունակելու ենք աշխատանքներն այս ուղղությամբ»:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին է ներկայացվել երեքշաբթի օրը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

(նկարում՝ Նենսի Փելոսի եւ Բրայան Արդունի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG