Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունի»


Ռուսաստանի նախագահ Պուտինը իր ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ երեկ հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի հետ «ռազմավարական հարաբերություններ» ունի:

«Մենք բոլորի հետ ենք կառուցում գործընկերության հարաբերություններ: Որոշ երկրների հետ մենք, իհարկե, ավելի մոտ հարաբերություններ ունենք: 0րինակ` ԱՊՀ-ի հետ ամբողջությամբ վերցրած», - պատասխանելով ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հարցին` ասաց Ռուսաստանի նախագահը: - «Սակայն այնտեղ խնդիրներ կան: 0րինակ, Վրաստանի հետ մենք ոչ մի կերպ չենք կարողանում կարգավորել մեր հարաբերությունները վերջին շրջանում»:

Նախագահ Պուտինը հույս հայտնեց, որ Ռուսաստանի դեսպանի վերադարձը Թբիլիսի առաջին քայլը կլինի այդ երկրի հետ հարաբերությունները վերականգնելու ճանապարհին:

Պուտինը վկայաբերեց Հայաստանի օրինակը` նշելով, որ շուկայական գները չեն խանգարում լավ հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ:

«Հայաստանի հետ մենք շատ կայուն` ոչ թե պարզապես վստահելի, այլ ռազմավարական հարաբերություններ ունենք: Այդուհանդերձ, գազի դիմաց Հայաստանը վճարում է շուկայական գներով», - ասաց նախագահ Պուտինը:

Պատասխանելով հարցին, թե ով է լինելու իր ժառանգորդը` նախագահ Պուտինն ասաց. - «Ժառանգորդներ չեն լինելու, լինելու են թեկնածուներ նախագահի պաշտոնի համար»:

Վլադիմիր Պուտինը պատասխանեց նաեւ հայաստանցի եւ ադրբեջանցի լրագրողների հարցերին:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին: Լրագրողը հարցրեց, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Ռուսաստանը քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի «ագրեսիան» վերջնականապես վերացնելու ուղղությամբ, եւ ի՞նչ քաղաքական ու տնտեսական շարժառիթ ունի ռուսական ռազմական բազաների պահպանումը Հայաստանում:

Վլադիմիր Պուտինն ասաց, թե ռուսական ռազմական բազաները ժառանգություն են մնացել նախկին Խորհրդային Միությունից. Ռուսաստանը պահպանել է իր բազաները այն հանրապետություններում, որոնք համաձայնել են պահպանել այդ բազաները իրենց տարածքում. - «Հայաստանում ռուսական ռազմական բազան ուղղված չէ տարածաշրջանում որեւէ երկրի դեմ, այդ թվում նաեւ Ադրբեջանի շահերի դեմ»:

Խոսելով ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարության մասին` Վլադիմիր Պուտինը նշեց. - «Մենք չենք կարող որեւէ մեկին պարտադրել ստեղծված իրավիճակից դուրս գալու որեւէ միջոց, որովհետեւ եթե մենք փորձենք դա անել, եթե մենք պարտադրենք որեւէ լուծում, մենք գուցե հավերժ փչացնենք հարաբերությունները կա’մ հայ, կա’մ ադրբեջանցի ժողովրդի հետ: Պետք չէ մեզ վրա դնել այդ խնդիրը»:

Անդրադառնալով Ադրբեջանի «գրավյալ տարածքների» խնդրին` Վլադիմիր Պուտինն ասաց, թե իրեն հիասթափեցնում է իրավիճակը Աղդամի շրջանում. - «Ինչպես հայտնի է, Աղդամի պորտվեյնը ոչ թանկ եւ տարածված թեթեւ ալկոհոլային խմիչքներից մեկն էր Խորհրդային Միության տարածքում: Թող որեւէ մեկը վերականգնի այն` կա’մ հայերը, կա’մ ադրբեջանցիները: Կամ էլ թող միասին արտադրեն: Թող դա լինի ընդհանուր նախագիծ»:

Ի պատասխան «Ավանգարդ» թերթի թղթակից Գոհար Բուտոյանի մի քանի հարցերի` Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի մասին, Վլադիմիր Պուտինն ասաց. - «Հարաբերությունները Հայաստանի հետ ամենալավն են: Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով` ե'ւ քաղաքականության, ե'ւ տնտեսության ոլորտներում, ե’ւ անվտանգության ոլորտում, քանի որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Իսկ ինչ վերաբերում է խոշոր ներդրումներին, ապա դրանք ներդրումներն են էներգետիկայի ոլորտում: Ինչպես հայտնի է, մենք Հայաստանի հետ նույնպես անցել ենք շուկայական գնագոյացման, բայց գնի մի մասը` մինչեւ շուկայական գնի շեմը, ծածկվում է լիկվիդային սեփականության հաշվին: Մենք մասնակցում ենք Իրանից եկող գազատարի շինարարությանը: Մենք մասնակցություն ունենք Հայաստանի տարածքում էներգետիկ ցանցերի, հիդրոէներգետիկայի ոլորտներում: Բայց, իհարկե, դա բավարար չէ: Երբ Հայաստանի նախագահը վերջերս աշխատանքային այցով եղավ Սոչիում, նա մի շարք հարցեր առաջադրեց: Դրանք վերաբերում են ադամանդագործությանը, երկրորդական մշակման ապրանքներին: Մենք մտադիր ենք վերականգնել այն ձեռնարկությունները, որոնք բաժին են հասել ռուսաստանյան ընկերություններին: Գիտեք, մեզ մոտ գործնականում բոլոր ուղղություններով, ամենակտիվ ձեւով զարգանում են հարաբերությունները: Ինձ համար նույնիսկ դժվար է գտնել այնպիսի բնագավառ, ուր մենք այսօր ունենանք անլուծելի հարցեր: Սակայն, երբ մենք էներգակիրների հարցով երկխոսություն էինք վարում, դա նույնպես հեշտ չստացվեց: Այդուհանդերձ, մենք կարողացանք երկու կողմերի համար ընդունելի որոշում գտնել»:

Ասուլիսին, որը հեռարձակվում էր հեռուստատեսությամբ, հավատարմագրվել էին ավելի քան 1200 ռուսաստանցի եւ արտասահմանյան լրագրողներ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG