Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ի բաժանորդները՝ ծուղակում


«ԱրմենՏել»-ի շուրջ 400 բաժանորդներ հայտնվել են ծուղակում: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նրանց քաղաքային հեռախոսահամարների հաշվին գրանցվել են հսկայական պարտքեր, մի մասի հեռախոսներն արդեն անջատված են:

Միջազգային ինտերնետ հեռախոսակապից օգտված այդ քաղաքացիները ահազանգել են Սպառողների ընկերակցություն, որը դիմել է «ԱրմենՏել»-ին եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` պահանջելով քննարկել խնդիրը եւ որոշում կայացնել ի նպաստ տուժած քաղաքացիների:

«Ես Ավստրիայում բարեկամ չունեմ, ոչ ոքի չեմ ճանաչում, եկել է 60 հազարի հաշիվ: Ընդ որում, զանգերն էլ գրանցվել են գիշերը` 3-ին, 5-ին, երբ մարդիկ քնած են: Հեռախոսահամարներն էլ` կարծես հյուրանոցի տարբեր սենյակներ է զանգված, նույն հեռախոսահամարն է` միայն վերջին թիվն է տարբեր» - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արեգ Մանասյանը:

«Մեզ ահազանգած բոլոր 400 քաղաքացիները, պարզվում է, ոչ միայն Ավստրիա են զանգել, այլ նաեւ գրեթե նույն համարով, միայն վերջին նիշն է տարբեր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Սպառողների ընկերակցության ղեկավար Արմեն Պողոսյանը:

Նման դեպք եղել էր նաեւ նախորդ տարվա գարնանը, երբ «ԱրմենՏել»-ի 450 բաժանորդների հեռախոսահամարներին շուրջ կես միլիոն դոլարի պարտքեր էին կուտակվել, եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «ԱրմենՏել»-ը չեղյալ համարեց այս պարտքերը:

Բայց այս անգամ ընկերության դիրքորոշումը այլ է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընկերության կոմերցիոն գծով տնօրեն Արմեն Սիմոնյանը պարզաբանեց, որ քաղաքացիները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, չեն կոդավորում իրենց հեռախոսահամարները:

Սակայն քաղաքացիները պնդում են, թե քիչ չեն դեպքերը, երբ հաշիվը եկել է կոդավորված հեռախոսահամարներին եւս` կասկած հայտնելով, որ այստեղ դիտավորություն կա:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG