Մատչելիության հղումներ

Թուրքիայի փոխվարչապետը կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազգայնական կարգախոսների դեմ


Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Ալի Շահինը հայտարարել է, որ Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած՝ հայերի հետ թուրքերի համերաշխության արտահայտությանը հակադրվող կարգախոսները եւ պաստառները, որոնք վերջին օրերին հայտնվել են երկրի մի շարք ֆուտբոլային մարզադաշտերում, «Թուրքիայի միասնականության, ամբողջականության եւ երկրի քաղաքացիության սկզբունքի բացահայտ ոտնահարում են»:

Փոխվարչապետը բոլոր պատասխանատուներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել չարամիտ կարգախոսների եւ պաստառների տարածման դեմ:

Turkish Daily News-ի փոխանցմամբ, Մեհմեդ Ալի Շահինը նամակ է հղել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը եւ երկրի ֆուտբոլի ֆեդերացիային, որում շեշտել է, որ չարամիտ կարգախոսները եւ պաստառները «դեմ են սպորտի ոգուն»:

Անցած շաբաթավերջին թուրքական տարբեր ֆուտբոլային ակումբների երկրպագուները մարզադաշտեր էին եկել «Մենք բոլորս թուրք ենք, մենք բոլորս Մուսթաֆա Քեմալն ենք», «Ես թուրք եմ» եւ այլ մակագրություններով պաստառներով եւ աղաղակում էին նույնանման բովանդակության ազգայնական կարգախոսներ: Դրանով ազգայնականներն ընդվզում են «Մենք բոլորս Հրանտ Դինքն ենք», «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսների դեմ, որոնցով թուրք առաջադեմ հանրությունը սկսեց հանդես գալ հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո՝ ի նշան հայերի հետ համերաշխության:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG