Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը համոզված է, որ ընտրությունները կեղծվելու են


Ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը երեքշաբթի օրը հնչեցրեց իր համոզմունքը, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կեղծվելու են:

Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե գալիք ընտրությունները ազատ եւ արդար են անցնելու` Մանուկյանը ասաց. - «Ի՞նչ է փոխվել Հայաստանում, որ իշխանական ուժերը նման լավատեսությամբ են լցվել»:

«Եթե իրենք թեւերը քշտած բոլոր նախորդ ընտրություններին կեղծել են, բոլոր կեղծարարները ստացել են պաշտոններ: Հանրապետական կուսակցության շտաբի պետ Աբրահամյան Հովիկին են ասում, որը Հայաստանի ամենակեղծարար մարդն է, որը ցանկացած կեղծիքի կգնա», - շարունակեց նա: - «Ոչ մեկը չի պատժվել, բոլորը պարգեւատրվել են: Իշխանությունն իրենց ձեռքից սպանես` բաց չեն թողնելու: Ո՞նց են համարձակվում այդ մարդիկ ասել, որ այդ ընտրությունները պետք է լինեն ավելի ազնիվ: Ես ինձ համար չափանիշ եմ դրել` եթե իշխանության մեջ գտնվող մարդը այդպիսի բան է ասում, ինքը կամ իդիոտ է, կամ տականք»:

Մանուկյանի համոզմամբ, այդ հայտարարությունների հեղինակները իրականում ասում են, որ ունեն մի մեխանիզմ, որի դեմ շատ դժվար կլինի պայքարել. - «Այն ամենը, ինչ իրենք անում են, ես անվանում եմ ազգային դավաճանություն, դավաճանություն Ղարաբաղյան շարժման [նկատմամբ]»:

Նա կրկին հնչեցրեց ընդդիմադիրների խորհուրդ ստեղծելու գաղափարը` կազմել «մի պլատֆորմ, որը ընդունելի կլինի բոլորի համար»: Նա առաջարկում է այդ խորհրդի շրջանակում ստեղծել ընտրական դաշինքներ, որոնք կհամագործակցեն ընտրությունների ընթացքում: Իսկ եթե անօրինական իշխանություն ձեւավորվի, դուրս կգան պայքարի եւ կգնան մինչեւ վերջ:

Հարց հնչեց նաեւ անցած շաբաթավերջին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզա եւ մի քանի ընդդիմադիր գործիչների` այդ թվում Վազգեն Մանուկյանի, հանդիպման վերաբերյալ:

Մանուկյանը, ասաց, որ մասնավորապես, առաջիկա ընտրությունների կապակցությամբ մի քանի առաջարկ է հնչեցրել. - «Իմ առաջարկը հետեւյալն էր. ես ասում էի, [որ] Միացյալ Նահանգներով չէ, որ Հայաստանում պիտի լինի ժողովրդավարություն, ուրիշների միջոցով չէ. դա մեր ժողովրդի պայքարն է: Բայց իրենք ի՞նչ կարող են անել. առաջինը, ինչքան կարելի է շատ դիտորդ ուղարկեն, որ բոլոր տեղամասերում դիտորդներ ունենան: Երկրորդ` փաստաթուղթը կազմելիս, գրեք այն, ինչ տեսել եք: Երրորդը, եթե պայքար սկսվեց, մատ թափ տվեք, որ ուժ չկիրառեն: Արեւմուտքը միայն այդքանով կարող է օգնել` թույլ չտալ ուժային ընդհարումներ եւ անկեղծորեն ասել, ինչ մտածում է: Մնացածը մեր գործն է»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG