Մատչելիության հղումներ

Էրդողան. «301-րդ հոդվածը կարող է փոփոխվել, բայց դրա վերացումը անհնար է»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դեմ է երկրի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վերացմանը, սակայն հնարավոր է համարում դրա փոփոխությունը:

«Մենք չենք մտածում 301-րդ հոդվածի ամբողջովին վերացման մասին», - հայտարարել է Էրդողանը կիրակի օրը կայացած ասուլիսի ժամանակ:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության վկայությամբ, վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել հասարակական կազմակերպություններից եւ այլ շահագրգիռ կառույցներից ստացվելիք առաջարկները:

Տխրահռչակ 301-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար, բազմիցս քննադատության է արժանացել միջազգային կառույցների, այդ թվում Եվրամիության կողմից՝ երկրում խոսքի ազատությունը սահմանափակելու համար:

Այդ հոդվածով դատական հետապնդման են ենթարկվել Թուրքիայի մտավորականության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը եւ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը:

Հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո Քրեական օրենսգրքից 301-րդ հոդվածը հանելու կամ այն վերանայելու պահանջները էլ ավելի սաստկացան՝ ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ թուրք առաջադեմ հանրության կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG