Մատչելիության հղումներ

Սամսունում քարկոծվել է քրիստոնեական եկեղեցի


Կիրակի օրը մի խումբ մարդիկ, որոնց ինքնությունը դեռեւս պարզված չէ, քարկոծել են Թուրքիայի Սամսուն քաղաքի քրիստոնեական եկեղեցին` կոտրելով լուսամուտների ապակիները: Հարձակման հետեւանքով տուժածներ չկան:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, եկեղեցու քահանա Մեհմեդ Օրհան Փիչաքչիլարը հայտարարել է. - «Դա վնասում է Թուրքիային: Այդ հարձակումը Թուրքիան վատ ձեւով է ներկայացնում միջազգային հանրային կարծիքին»:

Միջադեպի նախօրեին՝ շաբաթ օրը, ատրճանակով զինված մի թուրք ազգայնական փորձել էր Դարդանելի նեղուցում լաստանավ առեւանգել: Ըստ լաստանավի ուղեւորների, ահաբեկչին վրդովեցրել էին Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած օրերին Թուրքիայում հայամետ կարգախոսներով անցկացված բողոքի բազմամարդ ցույցերը:

DPA գործակալությունը հաղորդում է, որ 36-ամյա ազգայնականը ատրճանակով սպառնացել է նավապետին եւ հայտարարել, թե պայթեցնելու է լաստանավը:

Երկուեւկես ժամ անց ահաբեկիչը հանձնվել է ոստիկանությանը, որը լաստանավի վրա խուզարկություն էր անցկացրել, սակայն ռումբ չէր հայտնաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG