Մատչելիության հղումներ

«Ժառանգություն». «Մեկնարկային անհավասար հնարավորություններն արդեն իսկ վտանգում են ազատ ու արդար ընտրությունները»


Այսօր «Ժառանգություն» կուսակցության 2005-06 թվականների գործունեության խոչընդոտումների վերաբերյալ ամփոփ տեղեկանք է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը: Փաստաթղթում բերված բազմաթիվ վկայությունները, կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «ամբողջացնում են այն անօրինությունների շղթան, որոնք իշխանությունները վերջին շրջանում հետեւողականորեն իրականացրել են «Ժառանգության» եւ, հատկապես, նրա առաջնորդ Րա?ֆֆի Հովհաննիսյանի հանդեպ»:

Ի մասնավորի` «հակիրճ թվարկվել են կուսակցության կենտրոնական գրասենյակի ապօրինի փակման, կուսակցության բազային համակարգչից տեղեկատվություն հափշտակելու եւ այն հետագայում կուսակցական ակտիվիստների եւ համակիր քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումների միջոց ծառայեցնելու, ժողովրդի հետ կուսակցության ներկայացուցիչների ցանկացած շփում խափանելու, «Զվարթնոց» օդանավակայանում Րա?ֆֆի Հովհաննիսյանի ու նրա երեխաների, անձնական իրերի եւ թղթերի մանրազնին, պարբերական խուզարկությունների, «Ժառանգությանը» եւ անձամբ Հովհաննիսյանին առնչվող բոլոր գործերում իրավապահ մարմինների եւ դատական համակարգի կողմից կողմնակալություն ցուցաբերելու աղաղակող փաստերը»:

Հիմնվելով վերոթվարկյալի վրա՝ «Ժառանգություն» կուսակցությունը «հաստատում է, որ հարկադրված է նախընտրական արշավը սկսել` լինելով բացարձակապես անհավասար պայմաններում, մտահոգություն է հայտնում, որ գործող իշխանությունների կողմից իրական ընդդիմության համար ստեղծված մեկնարկային անհավասար հնարավորություններն արդեն իսկ վտանգում են խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ազատ ու արդար անցկացումը, գտնում է, որ ստեղծված իրավիճակը բնավ համահունչ չէ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների հավասարության վերաբերյալ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթներին»:

«Այս ամենը հարցականի տակ է դնում մեծ ու փոքր տարբեր ամբիոններից ներկա կառավարության հնչեցրած բազմաթիվ այն հավաստիացումները, թե իշխանությունները շահագրգիռ են 2007թվականի խորհրդարանական ընտրություններն արդար եւ թափանցիկ անցկացնելու հարցում», - հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Վարդան Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG