Մատչելիության հղումներ

Արթուր Աղաբեկյան. «Նպատակ ունեմ փորձել նաեւ դրսեւորել ինձ քաղաքականության մեջ»


Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը որոշել է հրաժարական տալ` քաղաքական ասպարեզում իր ուժերը փորձելու նպատակով:

Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի բացման արարողությունից հետո, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Աղաբեկյանը ասաց, որ արդեն կայացրել է որոշումը` փետրվարի սկզբին զորացրվում է բանակից` քաղաքականությամբ զբաղվելու նպատակով:

«Ես գրավոր դիմում կներկայացնեմ նախարարին, քանի որ բանավոր դիմել եմ եւ կա համաձայնություն: Այնուհետեւ նախարարը կմիջնորդի հանրապետության նախագահի առջեւ, որպեսզի ես զորացրվեմ զինված ուժերից», - ասաց Աղաբեկյանը:

Հարցին, թե գալիք խորհրդարանական ընտրություններում իր անունը ընդգրկվելո՞ւ է արդյոք Դաշնակցության համամասնական ցուցակում, Աղաբեկյանը պատասխանեց. - «Առայժմ վերադառնում եմ Հայ հեղափոխական դաշնակցության շարքերը: Այնուհետեւ կուսակցությունը կորոշի` ես առաջադրվելո՞ւ եմ, թե՞ չեմ առաջադրվելու»:

Նա հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքը դիտարկվում է որպես պաշտպանության նախարարի հնարավոր թեկնածու. - «Ես այդպիսի նպատակ չունեմ: Ես նպատակ ունեմ փորձել նաեւ դրսեւորել ինձ քաղաքականության մեջ: Եվ ձեզ հավաստիացնում եմ, որ դա ինձ հաջողվելու է»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG