Մատչելիության հղումներ

Դինքին սպանողը զղջացել է


Օգյուն Սամասթը, որը երեկ խոստովանական ցուցմունք է ստորագրել առ այն, որ սպանել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին, ասել է, թե զղջում է արածի համար:

Նա նաեւ պնդել է, թե ցանկանում էր հասնել Տրապիզոն, տեսնել ընտանիքին եւ ներկայանալ ոստիկանություն, գրում է այսօր «Թրքիշ դեյլի նյուս» թերթը:

«Երբ ես հեռուստացույց էի դիտում հորեղբորս տանը՝ սպանությունից անմիջապես հետո, հասկացա, որ մեծ մեղք եմ գործել, որովհետեւ մարդիկ ասում էին. «Թուրքիան շատ դժվար վիճակում կհայտնվի»:

Նախնական քննության ժամանակ Սամասթը, ընդհակառակը, պնդում էր, թե չի զղջում, որ սպանել է Դինքին:

Մինչդեռ Դինքի փաստաբան Էրդալ Դողանը NTV հեռուստակայանին ասել է, որ պահանջելու է ոսկրային ուսումնասիրություն՝ պարզելու համար Սամասթի իրական տարիքը: Եթե պարզվի, որ Սամասթը 18-֊ից բարձր է, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

Սելջուկի համալսարանի քրեական իրավունքի պրոֆեսոր Հաքան Հաքերին ասել է, որ Սամասթը կստանա 18֊-24 տարի, քանզի նա չափահաս չէ: Սակայն նման դեպքերում ավելի խիստ պատիժ են ստանում նրանք, ովքեր կանգնած են սպանության հետեւում:

Դոկտոր Մուրադ Բույուքդողանը հավաստիացրել է, որ ոսկրային ուսումնասիրության միջոցով հեշտորեն կարելի է պարզել մարդու տարիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG